Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը ծանոթացավ մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

01.07.2015

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ-ի» կողմից այս տարվա ապրիլին հայտարարվեց Ագարակ-Օձուն-Մ6 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մրցույթ՝ 5 բաղադրիչով: Աշխատանքների մեկնարկը տրված է. հիմնանորոգվում է Ագարակ-Արևածագի խաչմերուկ՝ 15.7 կմ հատվածը, Արևածագ-Օձուն՝ 6.2 կմ հատվածը և Օձուն-Մ6 ավտոճանապարհի 6.3 կմ հատվածը: Մարզի համար կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից է: Ծրագրի նախագծային արժեքը 3.5 մլրդ դրամ է: Այն ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից, պետական բյուջեից ներդրումը կազմում է 20 տոկոս: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ և պետական բյուջեի միջոցներով (400 մլն դրամ) հիմնանորոգվում է նաև Մ3-Մարգարա-Վանաձոր-Տաշիր- Վրաստանի սահման ճանապարհի 4 կմ հատվածը (Ստեփանավանի թունելից մինչև ոլորանների ավարտը):
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Տրանսպորտի ԾԻԳ-ի» տնօրեն Էմիլ Սարգսյանի, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի, Տիգրան Բադոյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հունիսի 30-ին ծանոթացավ մարզում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքներին: Նա եղավ Մ3-Մարգարա-Վանաձոր-Տաշիր -Վրաստանի սահման ճանապարհի վերանորոգվող հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է «Վառմաշ» ՍՊԸ-ն, ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին, ապա նաև՝ Ագարակ-Արևածագի խաչմերուկ ճանապարհահատվածում: ճանապարհաշինական աշխատանքներն այստեղ իրականացնում է «Խաչար» ՍՊԸ-ն: Այս հատվածում, ինչպես ներկայացրեց ընկերության փոխտնօրեն Միհրան Զաքարյանը, հողային աշխատանքները կատարված են 90 տոկոսով, ջրահեռացման համակարգի կառուցումը ևս գրեթե ավարտին է մոտենում: Ներկայում իրականացվում են ճանապարհային ծածկի կառուցման նախապատրաստական աշխատանքներ: Տեղում աշխատում էին անգլիական «Տերեքս» մակնիշի քարջարդիչ մեխանիզմներ, որոնք հենց տեղում քարերը մանրացնում և խճի ու ավազի էին վերածում: Փոխտնօրենի վստահեցմամբ, շուտով տեղում կլինի նաև շարժական ասֆալտգործարանը, որն աշխատում է ժամանակակից ֆիլտրներով և էկոլոգիական խնդիրներ չի առաջացնում: Ահա այս ժամանակակից տեխնիկայի, որակյալ բանվորական ուժի շնորհիվ է, որ թեև ծրագրով շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2016թ. նոյեմբերին, այնուամենայնիվ, շինկազմակերպությունը նախատեսում է դրանք ավարտել այս տարեվերջին, եթե իհարկե եղանակը բարեհաճ գտնվի:
Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների որակից և ինտենսիվությունից: Նա նշեց, որ ճանապարհահատվածի կառուցումը կենսական նշանակություն ունի մարզի համար և Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածում գտնվող 12 համայնքների տնտեսության զարգացման կարևոր նախապայման է հանդիսանում:
-Այս տարածքում խորհրդային տարիներից ի վեր որևէ աշխատանք չի իրականացվել, միայն տարիներ առաջ «Լինսի» հիմնադրամի միջոցներով ասֆալտապատվել է Ստեփանավան-Ագարակ հատվածը: Ճանապարհի հիմնանորգումից հետո, համոզված եմ, այս համայնքներում արագ տեմպերով կզարգանա գյուղատնտեսությունը,-ասաց Ա. Նալբանդյանը:
Նա կարևորեց հատկապես Վանաձոր-Բագրատաշեն ռազմավարական նշանակության ճանապարհի կառուցումը, որը կհանդիսանա 2016թ. ամենալուրջ ձեռքբերումը մարզի համար:
Մարզի ղեկավարն առաջիկայում նախատեսում է լինել նաև Արևածագ-Օձուն, Օձուն-Մ6 ճանապարհահատվածում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34