Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսի 29-ը ՀՀ-ում անհայտ կորած զինվորների հիշատակի օրն է

30.06.2015

Ավանդույթի համաձայն՝ հունիսի 29-ին վանաձորցի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ էին պետական և հոգևոր այրեր, ազատամարտի վետերաններ, մտավորականներ և անհայտ կորած զինվորների ծնողներ ու հարազատներ: Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը: Նա իր խոսքում նշեց, որ հունիսի 29-ը հիշատակի, սփոփման և սպասման օր է, ինչպես նաև բողոքի դրսևորում՝ ընդդեմ պատերազմների: Օրհնանքի ու սփոփանքի խոսք ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Օվսե քահանա Հովհաննիսյանը:
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը խոսեց արցախյան գոյամարտում իրենց կյանքը զոհած նվիրյալների մասին՝ արցախյան հերոսամարտը համեմատելով Հայրենական պատերազմի հետ: Նա անհայտ կորածների ծնողներին ու հարազատներին հորդորեց չհուսահատվել և միշտ սպասել իրենց զավակներին: Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային վարչության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանն իր խոսքում հույս հայտնեց, որ վաղ թե ուշ անհայտ կորածները կգտնվեն: Անհայտ կորած զինվոր Վահե Եղշատյանի մայրը՝ Սիրուշ Հակոբյանը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ դատապարտելով պատերազմները, որոնց արդյունքում տարեցտարի ավելանում է անհայտ կորածների թիվը: Վ. Ջաղինյանը նշեց Լոռու մարզից բոլոր 15 անհայտ կորածների անունները, որոնցից ինը Վանաձորից են, երեքը՝ Թումանյանի և երեքը՝ Տաշիրի տարածաշրջանից: Վ. Ջաղինյանը Լոռու մարզպետարանի կողմից դրամական աջակցություն ցույց տվեց անհայտ կորած զինվորների ծնողներին: Ապա Լոռու մարզպետարանի կողմից ծաղկեպսակ դրվեց անհայտ զինվորի խաչքար-հուշարձանին: Ներկաները նույնպես ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին: Բոլոր ներկաները Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի ցուցասրահում դիտեցին կենտրոնի սաների աշխատանքները, ունկնդրեցին մարզի շնորհալի պատանի երաժիշտ-կատարող Շահանե Միսկարյանի ասմունքը և դաշնամուրային կատարումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34