Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

29.06.2015

Հունիսի 29-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում կատարված աշխատանքները:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ եղել է 10 ահազանգ, որոնց թվում՝ հրդեհի, ճանապարհատրանսպորտային պատահարների, կենցաղային բնույթի մասին և այլն:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Նրա տեղեկացմամբ, հունիսի 26-ի դրությամբ մարզում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 76,8 տոկոս, գույքահարկինը՝ 83,8, հողի հարկինը՝ 81,3 տոկոս: Մարզպետը փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին հանձնարարեց հետևողական աշխատանքներ իրականացնել մինչև ամսվա վերջ ցուցանիշները 100 տոկոսին մոտեցնելու համար, ինչպես նաև համայնքային բյուջեներ խոշոր ֆինանսական մուտքերի դեպքում խստորեն հետևել ֆոնդային բյուջեի ծախսային մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ մարզում դեռևս բերքահավաք չի իրականացվում, սակայն սկսվել են խոտի հավաքման աշխատանքները, ցորենի և գարու բեքահավաքը կսկսվի շուրջ 10 օրից Թումանյանի տարածաշրջանում: Նա ներկայացրեց նաև պետական աջակցությամբ մարզի համայնքներին տրված ազոտական պարարտանյութի գումարների հավաքագրման ընթացքը:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում շարժական ակնաբուժարանը ներկայում ծառայություններ է մատուցում Սպիտակի տարածաշրջանում՝ այդպիսով ավարտելով իր շրջայցը մարզում: Մարզի ղեկավարը, կարևորելով «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում մարզի սոցիալապես անապահով ազգաբնակչությանը մատուցված անգնահատելի ծառայություններն, առաջարկեց բուժանձնակազմին պարգևատրել շնորհակալագրերով:
Ա. Նալբանդյանը նշեց, որ ներկա դրությամբ մարզում իրականացվում են մեծ ներդրումներ պահանջող խոշոր կապիտալ շինաշխատանքներ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումներով, որոնց առաջիկայում կավելանան նաև պետական աջակցությամբ մարզերում իրականացվող հրատապ ծրագրերը: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի առաջարկությամբ առաջիկա օրերին շրջայցեր կկատարվեն շինհրապարակներ: Քննարկման առարկա դարձավ համայնքների գլխավոր հատակագծերի բացակայության խնդիրը: Մարզում գլխավոր հատակագիծ ունի ընդամենը 5 համայնք, մինչդեռ առաջիկայում հատակագծերի առկայությունը քաղաքաշինական ծրագրերի իրականացման պարտադիր պայման կարող է հանդիսանալ, ուստի, ըստ մարզի ղեկավարի, խնդրի մասին պետք է լրջորեն մտահոգվել արդեն հիմա:
Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս ներկայացրեցին կատարված ընթացիկ աշխատանքները, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34