Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» երրորդ հանրային քննարկումը
26.06.2015
Հունիսի 26-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» երրորդ հանրային քննարկումը բնապահպանական ռիսկերի և խնդիրների վերաբերյալ:
Քննարկումն անց էր կացվում Բնապահպանության նախարարության, «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ, «Լոթթի Ինջեներիա» ընկերության, մարզպետարանի ներկայացուցիչների, ճանապարհին հարող համայնքների և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Ողջունելով բանախոսներին և հրավիրվածներին՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը նշեց, որ նման ձևաչափով սա երրորդ հանրային քննարկումն է: Նա կարևորեց մարզի համար չափազանց կարևոր, կենսական նշանակության ծրագրի իրագործումը՝ համայնքների ղեկավարներին և շահագրգիռ կառույցներին առաջարկելով ակտիվորեն բարձրաձայնել հնարավոր բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առնչվել ճանապարհի կառուցման ընթացքում առաջացող բնապահպանական խնդիրներին: Կազմակերպիչները ներկայացրին հնարավոր բնապահպանական ազդեցությունները շինարարության և շահագործման փուլերում՝ նշելով, որ բնապահպանական հիմնական խնդիրներն ի հայտ կգան հիմնականում շինարարության ընթացքում, մինչդեռ վստահեցրեցին, որ լուրջ ուսումնասիրություններ են կատարվել և արվելու է հնարավորինը դրանք նվազագույնի հասցնելու համար: Ներկաները հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան՝ մասնավորապես անդրադառնալով ծրագրի իրականացման ընթացքում այլընտրանքային, շրջանցիկ ճանապարհների շահագործման խնդիրներին, բնապահպանական հարցերին, ավտոճանապարհի սողանքավտանգ հատվածներին, ճանապարհահատվածին հարակից տարածքներում գործող սպասարկման օբյեկտների հետագա գործունեությանը և այլն:
Հարցերին պատասխանելով՝ պատասխանատուները նշեցին, որ մինչ շինաշխատանքների մեկնարկը հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները, առաջարկությունները: