Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն կաթնամշակման ձեռնարկություն

26.06.2015

 

1996 թվականին Լոռու կաթնագործության երախտավորներից մեկի՝ Վոլոդյա Սարգսյանի նախաձեռնությամբ, «Դիետ» ՍՊԸ անվամբ Վանաձորում հիմնվեց կաթնամթերքի նոր արտադրություն: Շուրջ 20 տարվա ընթացքում ձեռնարկությունը ընդլայնվել է, հագեցվել ժամանակակից հոսքագծերով, տարեցտարի  մեծացել է արտադրանքի ծավալը:  2014 թվականին ընկերությունը թողարկել է 80 մլն դրամի արտադրանք, նախորդ  տարվանից շուրջ 18  մլն դրամով ավելի: Վանաձորի ընդհանուր արտադրանքի ծավալում ընկերության մասնաբաժինը 2.6 տոկոս է:

Հունիսի 26-ին Լոռու  մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի մի քանի ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելեց «Դիետ» ՍՊԸ: Ընկերության նախագահ Ռուզաննա Թոթոլյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց արտադրամասերում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, արտադրական հնարավորություններին ու արտադրատեսակներին:

 Ավանդական կաթնամթերքներից ձեռնարկությունը հիմնականում թողարկում է կաթ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ և մածուն: Ինչպես նշեցին արտադրության կազմակերպիչները, արտադրության ծավալների աճ ապահովելը գնալով դժվարանում է՝ իրացման շուկայում մրցակցության խստացման, ինչպես  նաև սպառողների  թվի նվազեցման հետևանքով:

Մարզպետ Ա. Նալբանդյանը դրվատեց ՍՊԸ-ի սեփականատերերին  սոցիալ-  տնտեսական այս բարդ պայմաններում ոչ միայն իրենց, այլև 15 աշխատակիցների ևս  աշխատանքով ապահովելու, որակյալ կաթնամթերքներ արտադրելու համար: Մարզպետը պատրաստականություն հայտնեց հարկ եղած դեպքում հնարավոր բոլոր  միջոցներով աջակցել և օժանդակել ձեռնարկությանը:

-Մեր  մարզի պարագայում, անգամ ամենաչնչին  թվով աշխատատեղ ստեղծելն ու  պահպանելը գնահատելի է,-ասաց նա,- երկրի  ղեկավարությունը մեզանից ակնկալում է հատկապես փոքր և  միջին ձեռներեցության  սատարում և  մենք  դա  կանենք մեր հնարավորությունների սահմանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34