Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին լավագույն բուժաշխատողները

24.06.2015

Բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ՝ հունիսի 24-ին, հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների սրահում: Միջոցառմանը մասնակցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզի բուժաշխատողներին իր օրհնությունը հղեց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը.
- Բժիշկը բարոյականության և խղճի խորհրդանիշն է: Աստծուց հետո նա այն երկրային էակն է, ում ապավինում ենք մեր ծննդյան առաջին իսկ պահից,- ասաց նա:
Ողջերթի ու շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց մարզի ղեկավարը:
- Գոհունակությամբ եմ ուզում նշել, որ մեր մարզի առողջապահության ոլորտում քիչ չեն պարտքի և պատասխանատվության բարձր զգացումով աշխատող մասնագետները, որոնց նվիրումն աննկատ չի մնում:
Ցավոք, ոլորտում դեռևս կան նաև արմատախիլ չարված առանձին ստվերոտ երևույթներ, որոնք արդարացիորեն հարուցում են բնակչության դժգոհությունը: Դրանց նկատմամբ առաջին հերթին անհաշտվողական պիտի լինեք դուք, քանզի բացասական երևույթների դեմ իրավական պայքարը շատ ավելի ցավոտ է լինում, անդառնալի հետևանքներով՝ ստվեր գցելով ազնիվ աշխատողների ջանադիր ավանդի վրա: Մենք, միասնաբար, պարտավոր ենք Լոռու առողջապահությունը դարձնել առողջ, անթերի և օրինակելի,- նշեց Ա. Նալբանդյանը:
Նա համառոտ ներկայացրեց անցած և ընթացիկ տարում մարզի առողջապահական համակարգում իրականացված ծրագրերը, որոնց մասին ամփոփ տեղեկատվությունը նախապես տրամադրվել էր ներկաներին: Մարզպետն իր խոսքում գոհունակությամբ նշեց, որ առանց ընդհատումների ու պարապուրդների շարունակվում է Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցումը, «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայում հակատուբերկուլյոզային բաժանմունքի վերակառուցումը: Ավարտվել է Ալավերդու բժշկական կենտրոնի ամբուլատոր մասի վերանորոգումը, որը վերազինվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Սեփական միջոցներով մասնակի վերանորոգվել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան: «Դիակոնիա» բարեգործական կազմակերպության կողմից «Դսեղի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին է տրամադրվել ավելի քան 3 մլն. դրամ՝ հեռաբժշկության ներդրման նպատակով: Ամբողջությամբ կոսմետիկ վերանորոգվել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը: «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության աջակցությամբ պոլիկլինիկական մասնաշենքում հիմնովին վերանորոգվել են Մայրության դպրոցը, կանանց կոնսուլտացիայի բժիշկների սենյակները: Ստեփանավանի բժշկական կենտրոնի, Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիաներում ստեղծվել են կոլպոսկոպիայի կաբինետներ: Ամբողջությամբ հիմնանորոգվել են «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում գործող Կաթնաղբյուրի և ՈՒրասարի բուժակ-մանկաբարձական կետերը: Մի շարք առողջապահական ընկերություններում (Ստեփանավանի, Սպիտակի, Ալավերդու, Տաշիրի բժշկական կենտրոններում, Վանաձորի թիվ 1 և թիվ 4 պոլիկլինիկաներում, Վահագնիի, Դսեղի, Մարգահովիտի առողջության կենտրոններում, Օձունի բժշկական ամբուլատորիայում և այլն) ստեղծվել են «Ծնողական կրթության կենտրոններ», որոնք ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի կողմից, նաև՝ «Մայրության դպրոցներ»՝ որոնք ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել են «Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի կողմից կառուցվել է «Լեռնապատի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի շենքը՝48 մլն. դրամ արժողությամբ, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 19-ին:
-Ծրագրերը բազմաթիվ են, շարունակական և մարզի առողջապահական համակարգը բարելավելու և կատարելագործելու կարևոր նպատակ են հետապնդում,-ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզպետը պարգևատրեց 2015թ. լավագույնը ճանաչված բուժաշխատողներին: «Ստացիոնարի լավագույն բժիշկ» կոչումը շնորհեց «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Ֆրունզե Եղիյանին, «Պոլիկլինիկական լավագույն բժիշկ» կոչումը՝ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկուհի Հասմիկ Խռոյանին, «Պոլիկլինիկական լավագույն բուժքույր» կոչումը՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Կարինե Մխիթարյանին, «Ստացիոնարի լավագույն բուժքույր» կոչումը՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Լուսինե Մելիքջանյանին, «Գյուղական ամբուլատորիայի լավագույն բժիշկ» կոչումը՝ «Մարգահովիտի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ Արամ Նազարյանին, «Առողջապահության բնագավառում մեծ ներդրում ունեցող բժիշկ» կոչումը՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Ռուբեն Մխիթարյանին: Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժշկուհի Սուսաննա Կռոյանը, «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժշկուհի Մարգարիտա Սամվելյանը, «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժշկուհի Կարինե Անտոնյանը, «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժշկուհի Սուսաննա Նասիլյանը, «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ի բժիշկ Հովհաննես Ամիրխանյանը, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» ՊՓԲԸ-ի բժշկուհի Սուսաննա Աղաբեկյանը, «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բուժքույր Կարինե Բաղդասարյանը, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ի բուժքույր Իրինա Հովհաննիսյանը: Բուժաշխատողներին մարզպետը շնորհավորեց նաև հյուրասիրության սեղանների շուրջ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34