Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

22.06.2015

Երկուշաբթի՝ հունիսի 22-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում կատարված աշխատանքները:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ եղել է 12 ահազանգ, որոնց թվում կարկտահարությունների, ինքնասպանության փորձերի, սողանքի, կենցաղային բնույթի մասին և այլն:
Մարզի ղեկավարն անդրադարձավ նախորդ ուրբաթ ՀՀ վարչապետի և ՏԿԱԻ նախարարի մոտ անցկացված խորհրդակցություններում քննարկված հարցերին՝ մարզպետարանի վարչությունների պետերին տալով համապատասխան հանձնարարականներ:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Նրա տեղեկացմամբ, հունիսի 19-ի դրությամբ մարզում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 48,7 տոկոս, գույքահարկինը՝ 60,1, հողի հարկինը՝ 34,9 տոկոս: Վարչության պետը նշեց, որ նշված ժամկետի դրությամբ որևէ հարկատեսակի գծով ընդհանրապես մուտքեր չեն ապահովել Ձյունաշողը և Չկալովը: Մարզպետը հանձնարարեց գրություններ ուղարկել բոլոր այն համայնքների ղեկավարներին, որոնց համայնքներում բնակվում են գույքահարկի և հողի հարկի գծով 500 հազար և ավելի պարտքեր կուտակած ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ առաջարկելով անպարտաճանաչ հարկատուներից գումարները գանձել դատական կարգով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ մարզում դեռևս բերքահավաք չի իրականացվում, սկսվել է խոտհունձը: Նա տեղեկացրեց նաև պետական աջակցությամբ մարզի համայնքներին տրված ազոտական պարարտանյութի գումարների հավաքագրման ընթացքի մասին՝ նշելով, որ մինչև հունիսի վերջ պարտքերը վերջնականապես կմարվեն, իսկ հատկացված դիզվառելիքի, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, սերմացուի դիմաց պարտքեր չկան: Մարզպետը վարչության պետին հանձնարարեց դիզվառելիքի հայտերը լրջորեն քննարկել համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել պահանջարկի իրատեսական հայտ:
Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ անցկացված խորհրդակցությանը քննարկվել է օրերս ուժեղ կարկատահարության հետևանքով մարզի համայնքներին հասցված վնասի փոխհատուցման խնդիրը: Ա. Նալբանդյանը վարչության պետին հանձնարարեց գյուղնախարարությանը հանգամանորեն ներկայացնել վնասի ճշգրիտ չափերը: Մարզի ղեկավարը նշեց, որ չի բացառվում որոշակի աջակցությունը այն համայնքներին, որտեղ կարկուտի հասցրած վնասը կազմել է ավելի քան 50 տոկոս, չի բացառվում նաև, որ աջակցությունը այդ համայնքներին լինի հակակարկտային կայանների տեսքով:
Ա. Նալբանդյանը մարզպետարանի համապատասխան վարչությունների պետերին հանձնարարեց սանիտարական իրավիճակի վերահսկման նպատակով լուրջ ուսումնասիրություններ կատարել մարզի մանկապարտեզներում, առողջապահական հիմնարկներում ու քանի որ մանկապարտեզները համայնքային ենթակայության են՝ գրություններ ուղարկել համայնքների ղեկավարներին, առաջարկելով անհրաժեշտության դեպքում ժամանակավոր դադարեցնել մանկապարտեզների գործունեությունը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը ներկայացրեց Համահայկական խաղերի, ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարի մարզային փուլի կազմակերպմանն առնչվող հարցերը:
Մարզի ղեկավարը նշեց, որ ներկա դրությամբ մարզում իրականացվում են մեծ ներդրումներ պահանջող խոշոր կապիտալ շինաշխատանքներ՝ ինչպե պետական, այնպես էլ մասնավոր ներդրումներով, այդ թվում՝ առողջապահական հիմնարկներ, դպրոցներ, մանկապարտեզներ ու ճանապարհներ, որոնց առաջիկայում կավելանան նաև պետական աջակցությամբ մարզերում իրականացվող հրատապ ծրագրերը՝ մարզպետարանի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանին հանձնարարելով հանգամանորեն լուսաբանել կատարվող աշխատանքները:
Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս ներկայացրեցին կատարված ընթացիկ աշխատանքները, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24