Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնապատի Առողջության կենտրոնը կգործի նորակառույց շենքում

19.06.2015

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այցի առիթը Լեռնապատի նորակառույց առողջության կենտրոնի հանդիսավոր բացումն էր, որը Բուժաշխատողի օրվա նախօրեին լավագույն նվերն էր Լեռնապատի Առողջության կենտրոնի բուժանձնակազմին:
Դեռևս 1988-ի երկրաշարժից հետո Լեռնապատ համայնքում, անմիջապես գետնի վրա, առողջապահական սպասարկման նպատակով տեղադրվեց Իտալիայից ուղարկված տնակը, որն, ըստ էության, նախատեսված էր ժամանակավոր սպասարկման համար: Ավելի քան 25 տարի շահագործվելով՝ այն ֆիզիկապես մաշվել, դարձել էր գրեթե ոչ պիտանի շուրջ երկու հազար բնակչություն ունեցող համայնքի լիարժեք սպասարկման համար: Եվ ահա «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով 2014 թվականին Լեռնապատում մեկնարկեց առողջության կենտրոնի նոր շենքի շինարարությունը, որն ավարտին հասցվեց վերջերս: Ընդհանուր առմամբ ներ է դրվել շուրջ 51 մլն դրամ, որից ավելի քան 46.6 մլն դրամը՝ շինարարության, և շուրջ 4.3 մլն դրամ՝ բժշկական սարքավորումների, կահավորման և բժշկական պարագաների համար:
Առողջապահության նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ս. Լամբարյանը: Հենց համաշխարհային բանկի միջոցներով են մեր երկրում իրականացվում առողջապահական համակարգի որոշակի բարեփոխումներ: 2013-2014թ.թ. իրականացված ծրագրերից խնայված միջոցներով բանկը հանրապետության 5 համայնքներում ֆինանսավորել է առողջության հինգ կենտրոնների կառուցումը, որոնցից երկուսը՝ Լոռու մարզում (Ուռուտ և Լեռնապատ համայնքներում):
Առողջության կենտրոնի սպասարկող անձնակազմի, հաճելի իրադարձության առիթով հավաքված լեռնապատցիների ծափերի ներքո Արմեն Մուրադյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վեզի Մշեշան կտրեցին Առողջության կենտրոնի գործարկումն ազդարարող ժապավենը: Կենտրոնի տնօրեն Ա. Քոչարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին հաստատության սենյակներով, ծանոթացան բուժսպասարկման պայմաններին: Ե՛վ նախարարը, և՛ Լոռու մարզպետն իրենց հիացմունքն արտահայտեցին կենտրոնի վերաբերյալ և իրենց շնորհավորական խոսքում լեռնապատցիներին մաղթեցին առողջություն, իսկ բուժանձնակազմին՝ բարեխիղճ աշխատանք: Ի դեպ, ինչպես ասաց նախարարը, նոր կառույցը հագեցված է նորագույն բուժսարքավորումներով, որոնք հուսալի են ու բավարար գյուղական պայմաններում որակյալ նախնական բուժսպասարկում իրականացնելու համար: Նախարար Մուրադյանը նաև զրուցեց հանդիսությանը ներկա լեռնապատցիների հետ, լսեց նրանց բարձրացրած խնդիրները, խոստացավ առանձին հարցերում աջակցություն ցուցաբերել: Մայրաքաղաքից ժամանած պաշտոնյաները դատարկաձեռն չէին հյուրընկալվել. նրանք կենտրոնին նվիրեցին դեղորայք ու բուժպարագաներ:
Այնուհետև մարզպետը, նախարարը և ուղեկցող անձինք ուղևորվեցին մարզկենտրոն՝ տեղում ծանոթանալու Վանաձորի բժշկական կենտրոնի շինարարության ընթացքին: Նրանք շրջեցին կառույցի հարկաբաժիններով, հարցեր ուղղեցին շինարարներին, որոնք հավաստիացրեցին, որ կառուցապատման ընթացքի շեղումներ չկան, աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցով: Ներկաներին պարզաբանումներ տվեց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59