Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում էր

15.06.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 12-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի կաթնամթերք արտադրող «Դուստր Մելանիա» ընկերությունում` վերջինիս գործունեությանը և ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը և Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Շրջելով ընկերությունում և տեղեկանալով աշխատանքների մասին` նախարարը մասնավորապես նշեց. «Մեր հիմնական խնդիրն է շուկան ապահովել տեղական արտադրության կաթի փոշիով և կտրուկ կրճատել ներկրվող կաթի փոշու ծավալները: Հզորությունները շատ մեծ են, և կաթի ավելցուկը չոր կաթի վերածելու շնորհիվ հնարավոր է լինում ձմռան ամիսներին սեփական արտադրությունն ապահովել, ինչպես նաև արտահանումներ իրականացնել»,- ասաց նա:
Նախարարը վստահեցրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ներկրվող կաթի փոշու որակի վերահսկողությունը: Նախարարի խոսքով` այս տարվա առաջին հինգ ամիսներին հանրապետություն է ներկրվել շուրջ 688 տոննա կաթի փոշի. նախորդ տարվա համեմատ ծավալները կրճատվել են շուրջ 38 տոննայով, կաթի մթերման գործընթացն իրականանում է սահուն և առանց խնդիրների, այս պահին բոլոր ընկերությունները գյուղացիներից կաթը մթերում են 120-130 դրամով, իսկ «Դուստր Մելանյա» ընկերությունում մթերման գինը կազմում է 135-140 դրամ: Սերգո Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ որոշ համայնքներում միջնորդների գործունեության պատճառով կաթը գյուղացիներից մթերվում է 100-110 դրամով, և նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս խնդրին նույնպես լուծում տալու ուղղությամբ, որպեսզի գյուղացիները դժգոհություններ չունենան:
Նախարարը եղավ նաև Կաթնառատ համայնքում, որտեղ կաթի մթերման գործարանում ընթացող վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն, և կսկսվի կաթի մթերումը: Տեղեկանալով աշխատանքների մասին` նախարարը նշեց է, որ կաթի արտադրության սեզոնայնությամբ պայմանավորված արտադրության ծավալներն առավելագույն քանակի են հասնում մայիս-հունիս ամիսներին, և վերամշակողները չեն կարողանում ամբողջ կաթի ծավալը մթերել կաթնամթերք արտադրելու համար, այդուհանդերձ քայլեր կձեռնարկվեն այս խնդրին նույնպես լուծում տալու ուղղությամբ, որպեսզի գյուղացիները դժգոհությունների պատճառ չունենան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24