Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համահայկական 6-րդ խաղերի ջահը Վանաձորում կլինի հունիսի 20-ին
10.06.2015
Համահայկական 6-րդ խաղերն անց կկացվեն օգոստոսի 2-13-ը՝ ընդգրկելով 17 մարզաձև՝ 10-ով ավելի, քան նախորդ անգամ: Ի տարբերություն նախորդ խաղերի, այս անգամ համահայկական խաղերն աննախադեպ կլինեն թե՛ մասնակիցների թվով, թե՛ քաղաքների աշխարհագրությամբ: Խաղերը կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում:
Քանի որ այս տարի Վանաձորը հյուրընկալող քաղաք է, ուստի մարզի ղեկավարի, քաղաքային համայնքների ղեկավարների, շահագրգիռ կառույցների մասնակցությամբ ակտիվ քննարկումներ են տարվում կազմակերպչական հարցերը բարձր մակարդակով իրականացնելու նպատակով: Համահայկական 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին բոցավառվելով ԼՂՀ Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ՝ անցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքով, մուտք է գործել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, այնուհետև անցնելու է Տավուշի մարզ՝ Բերդ քաղաքով, իսկ հունիսի 20-ին մուտք է գործելու Վանաձոր՝ Հայքի հրապարակ: Այդ առիթով, կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետի տեղակալների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների և մարզպետարանի մի շարք վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ հունիսի 10-ին կազմակերպվեց քննարկում: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Լոռու մարզում ընդունելու և ճանապարհելու սցենարը ներկայացրեց մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը: Ա. Նալբանդյանը ընդգծեց, որ ջահի ընդունումը պետք է կազմակերպվի առանձնակի հանդիսավորությամբ: Նա ցուցումներ տվեց և իր նկատառումները հայտնեց միջոցառման կազմակերպման մանրամասների վերաբերյալ: Առաջարկություններով հանդես եկան նաև ներկաները: