Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

01.06.2015

Հունիսի 1-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ հնչել է 13 զանգ, որոնցից 6-ը կենցաղային, 2-ական հրդեհի, թունավորման, ՃՏՊ և մեկ ինքնասպանության:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Նրա տեղեկացմամբ, մայիսի 29-ի դրությամբ, մարզում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 81 տոկոս, գույքահարկինը՝ 82,4, հողի հարկինը՝ 65,1 տոկոս: Մարզի ղեկավարը մտահոգություն հայտնեց հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշների վերաբերյալ՝ փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին հանձնարարելով հետևողական աշխատանք տանել՝ մինչև ամսվա վերջը պատշաճ հավաքագրում ապահովելու նպատակով:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում հունիսի 1-6-ը շարժական ակնաբուժարանը կկայանի Ալավերդում՝ սպասարկելով Թումանյանի տարածաշրջանի հիվանդներին: Նա զեկուցեց նաև մարզի բուժկետերի կարիքների գնահատման վերաբերյալ մարզպետի հանձնարարականի ընթացքի վերաբերյալ:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը զեկուցեց, որ այսօրվանից դպրոցներում սկսվում են քննությունները, նշեց, որ հարկավոր նախապատրաստություն է ապահովվել դրանք բնականոն հունով անցկացնելու համար: Մարզպետը ցանկություն հայտնեց քննությունների ընթացքին անձամբ հետևելու և նպատակահարմար դիտեց այդ օրն այցելել Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոց: Նա վարչության պետին հանձնարարեց հետևողական լինել և լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Համահայկական խաղերի շրջանակներում ձեռքի գնդակի մրցաշարը Վանաձորում բարձր մակարդակով անցկացնելու համար:
Մարզի ղեկավարն անդրադարձավ մայիսի 24-ի Լոռու մարզի Ուրասար համայնքում անցկացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ դրանք ընթացել են պարզ և թափանցիկ՝ առանց լուրջ խախտումների: Ընդամենը 2 ձայնի առավելությամբ համայնքի ղեկավար է ընտրվել Արտակ Կիրակոսյանը, նրա մրցակիցը, ասպետաբար, առաջինն է շնորհավորել նրան:
-Ուրասարում անցկացված ընտրությունները օրինակելի պետք է լինեն նաև մյուս համայնքների համար,- ասաց Ա. Նալբանդյանը: Նա հույս հայտնեց, որ հունիսի 7-ին մարզի Խնկոյան, Ուռուտ, Ղուրսալ և Ալավերդի համայնքներում անցկացվելիք համայնքի ղեկավարի ընտրությունները ևս կկազմակերպվեն պատշաճ կերպով:
Հունիսի 1-ի աշխատանքային խորհրդակցությունում մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս զեկուցեցին կատարված ընթացիկ աշխատանքների մասին, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59