Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաղարկվեց մինի ֆուտբոլի Լոռու մարզպետի գավաթը
22.05.2015
Մեկշաբաթյա պայքարից հետո ավարտվեց մինի ֆուտբոլի «Լոռու մարզպետի գավաթ- 2015» առաջնությունը:
Մայիսի 22-ին Վանաձորի սպորտի պալատում տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ փուլը: Երրորդ տեղի համար պայքարի մեջ էին մտել Ալավերդու քաղաքապետարանի և Վանաձորի ըմբիշների թիմերը: Հաղթելով 10:4 հաշվով, ալավերդցիներն արժանացան մրցաշարի երրորդ մրցանակին:
Առավել դիտարժան էր Լոռու մարզպետարանի և «Վանաձոր» թիմերի մրցապայքարը հաղթողի կոչման համար: Երկողմանի համառ դիմակայությունն ի վերջո 2:1 հաշվով հաղթանակ բերեց մարզպետարանի մինի ֆուտբոլի թիմին:
Հայաստանի հանրապետության օրհներգի հնչյունների ներքո մրցանակակիր թիմերը կանգնեցին պարգևատրման տողանի:
Երրորդ տեղ զբաղեցրած ալավերդցիներին մեդալները հանձնեց Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, երկրորդ մրցանակակիր «Վանաձոր» թիմին՝ փոխմարզպետ Տիգրան Բադոյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մրցաշարի գլխավոր մրցանակը՝ Լոռու մարզպետի գավաթը և հաղթողի մեդալները հանձնեց մարզպետարանի թիմի անդամներին:
Մրցանակներ էին սահմանվել նաև երեք անվանակարգերում: «Լավագույն դարպասապահ» մրցանակը բաժին հասավ մարզպետարանի թիմը ներկայացնող Սարգիս Ներսիսյանին, «Լավագույն պաշտպան» ճանաչվեց Վանաձորի «Ըմբիշներ» թիմի անդամ Ժիրայր Հովհաննիսյանը, «Լավագույն հարձակվող»՝ Վահե Մարտիրոսյանը (Ալավերդի):
Մինի ֆուտբոլի առաջնությունը մարզում արմատավորելու և համակողմանի սատարելու համար մրցաշարի կազմկոմիտեն պատվո հուշամեդալով պարգևատրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: