Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին Համահայկական 6-րդ խաղերի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր

21.05.2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որոնք անցկացվում են չորս տարին մեկ անգամ, համընկել են Մեծ եղեռնի 100–րդ տարելիցին և անցկացվում են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը:
Կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով Վանաձոր էին այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կոմիտեի անդամներ, ՀՀ սպորտի նախարարության ներկայացուցիչներ: Նրանց և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Լոռու մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ այսօր աշխատանքային քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանի դահլիճում:
-Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլև քաղաքների աշխարհագրությամբ: Խաղերը կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում և Արտաշատում, - իր խոսքում նշեց Իշխան Զաքարյանը:
Նրա տեղեկացմամբ, նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացել են ևս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Կոմիտեի նախագահը հայտնեց նաև, որ Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլ և վոլեյբոլ մարզաձևերը, Գյումրիում, Աբովյանում` ֆուտբոլ, Վանաձորում` հանդբոլ, Արտաշատում` թեթև աթլետիկա մարզաձևերը: Հեծանվասպորտի վազքուղին ընտրվել է Երևան-Էջմիածին մայրուղին: Այդուհանդերձ, հանգամանորեն քննարկվեցին նաև Վանաձորում անցկացվելիք մրցության, մարզիկների կեցության հետ կապված կազմակերպչական հարցեր:
-Եթե նախորդ խաղերին մենք ունեինք մոտ 3200 մասնակից, ապա այս տարի շուրջ 5000 մարզիկ-մարզուհի,- ասաց Ի. Զաքարյանը:
Կոմիտեի նախագահը նշեց որ, համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով: Քանի որ խաղերը անցկացվում են Ցեղասպանության 100–րդ տարելիցի տարում, ջահի վառման արարողությունը կրելու է խորհրդանշական բնույթ: Այդ աշխատանքները համակարգելու է կազմկոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Համահայկական ամառային վեցերորդ խաղերի գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է, գլխավոր ռեժիսորը Արամ Սուքիասյանը, հեռուստատեսային ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը:
Ա. Նալբանդյանը վստահաբար նշեց, որ մարզում կազմակերպչական աշխատանքները կիրականացվեն ամենաբարձր մակարդակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59