Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մարզխորհրդի նիստը

20.05.2015

Մայիսի 20-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ով մինչև օրակարգային հարցերին անցնելը, համառոտ ներկայացրեց գրասենյակի կողմից իրականացվող գյուղատնտեսական աջակցութան ծրագրերը՝ կոչ անելով մարզի համայնքապետերին առավել ակտիվ լինել, ծրագրային առաջարկներ ներկայացնել: Նա առանձնացրեց հատկապես Մեծ Պարնի համայնքի ձեռքբերումները, որտեղ գրասենյակի աջակցությամբ իրականացված գյուղատնտեսական ծրագրերի արդյունքում լուրջ հաջողություններ են գրանցվել: Հարցի առնչությամբ իր նկատառումները հայտնեց նաև Արթուր Նալբանդյանը՝ նշելով, որ գրասենյակի առաջարկած ծրագրերը լուրջ դերակատարություն կարող են ունենալ համայնքների զարգացման համար:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը այս տարվա չորս ամսվա կտրվածքով: Ըստ նրա, համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումը ապահովվել է 105.9 տոկոսով: Մարզի համայնքների բյուջեներով նախատեսված եկամուտների հավաքագրումը նշված ժամանակահատվածում ապահովվել է 99.2 տոկոսով կամ նախատեսված 1933.5 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 1917.5 մլն. դրամ:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը մայիսի 1-ի դրությամբ կատարվել է 99.5 տոկոսով, 2014թ.-ի համեմատությամբ՝ 102.4տոկոսով:
-Վերջին ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման կայունացման միտում է նկատվում,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ մայիսի 1-ի դրությամբ մարզի 51 համայնքում կատարողականը կազմել է 100 տոկոսից ավելի:
Նշված ժամանակահատվածում 10.9 տոկոսով գերակատարվել է նաև գույքահարկի հավաքագրման պլանը՝ ավելի քան 204 մլն դրամ: Ցավոք, մարզի 49 համայնք նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի հավաքագրման պարտավորությունները կատարվել է ընդամենը 90.2 տոկոսով (2014թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 101 տոկոս): Նախորդ տարվա նկատմամբ ցուցանիշների նվազում ունի 55 համայնք:
Հուսադրող է, տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը՝ 105 տոկոս, կամ 39.1 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 41.1 մլն. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 108.9 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ հավաքագրման նվազում ունի 39 համայնք:
2,4 մլն դրամով թերակատարվել է պետական տուրքի հավաքագրման պլանը:
Անցած 4 ամիսների ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների 66.5 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 64.8 մլն. դրամ կամ 97.5 տոկոս, 2014թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 106.5 տոկոս:
Վարչության պետը ներկայացրեց նաև սեփական եկամուտների հավաքագրման պատկերը մայիսի 19-ի դրությամբ: Նա մտահոգությամբ նշեց, որ այդ օրվա դրությամբ որոշ հարկատեսակների գծով մի քանի համայնքներ դեռևս մուտքեր չունեն:
Նա հայտնեց, որ 2015թ. մայիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեներում աշխատավարձի գծով պարտքեր չկան:
Մարզպետը նշեց, որ հարկերի հավաքագրումն իր անմիջական ուշադրության կենտրոնում է, դրա ցածր տեմպերը որակելով՝ որպես համայնքների ղեկավարների անհետևողական աշխատանքի արդյունք:
Օրակարգի հաջորդ հարցի՝ մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Վարչության պետը հայտնեց, որ մարզում պետական աջակցությամբ իրականցված գյուղատնտեսական աջակցության ծրագրերի շնորհիվ 2013 թ. համեմատությամբ 2014թ.-ին մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են ևս 1413 հա-ով, որից 1131 հա-ով՝ հացահատիկի, 65 հա-ով՝ կարտոֆիլի, 265 հա-ով՝ կերային մշակաբույսերի ցանքերը և այլն:
Գ. Հակոբյանի տեղեկացմամբ, արդեն ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը՝ կազմելով շուրջ 14804 հա, որը նախորդ տարվանից ավելի է 2566 հա-ով: Ընթացքի մեջ է կարտոֆիլի ցանքը և ենթադրվում է, որ այն նախորդ տարվանից ավելի կլինի շուրջ 174 հա-ով: Նախորդ տարի կերային մշակաբույսերի ցանքատարածությունները եղել են 10 409 հա, ամենայն հավանականությամբ այս տարի դրանք կավելանան շուրջ 371 հա-ով:
Նշվեց, որ 2015-ին ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացրել է 1.300.000 լ դիզելային վառելանյութ, 2300 տ ազոտական, 100 տ ֆոսֆորական, 100 տ կալիումական պարարտանյութ, որը զգալիորեն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարությունը, մարզի հողօգտագործողներին աջակցելու նպատակով մատչելի գներով տրամադրում է աշնանացան ցորենի էլիտային և առաջին վերարտադրության ինչպես նաև գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուներ: Ընդհանուր աշնանացանը կազմում է 10818 հա, որը 2013թ. համեմատությամբ ավելի է 1245 հա-ով:
2015թ. գարնանացանի համար մարզին հատկացվել է 80 տոննա գարու, 4 տոննա եգիպտացորենի, 6 տոննա առվույտի և 17 տոննա կորնգանի սերմացու, որը բաշխվել է մարզի 40 համայնքի: Բաշխված սերմացուներով կատարվել է շուրջ 1522 հա ցանք:
Մարզում անասնագլխաքանակը 2014թ.-ի նկատմամբ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ աճել է. խոշոր եղջերավոր կենդանիները ավելացել են 8.8 տոկոսով՝ 81 003 գլուխ, որից կովերինը՝ 1.5 տոկոսով՝ 39 694 գլուխ: 16.3 տոկոսով ավելացել է մանր եղջերավոր կենդանիների քանակը՝ 38 252 գլուխ, թռչուններինը՝ 8.8 տոկոսով՝ 155 227 թև:
212 գլխով նվազել է խոզերի գլխաքանակը, որի գլխավոր պատճառը «Աֆրիկյան ժանտախտ» հիվանդությունն է:
Լոռու մարզում 2011-2015թ.թ. իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագրի շրջանակներում Աթան, Ահնիձոր, Դսեղ, Մարց, Մեծ Պարնի, Լորուտ, Շամուտ և Քարինջ համայնքներին տրամադրվել են տեխնիկական միջոցներ, ինչպես նաև արոտավայրերում իրականացվել են անասունների ջրամատակարարման ու ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով ներ է դրվել 458 մլն դրամ, որից 240 մլն դրամը` ջրարբիացման և ճանապարհների մասնակի նորոգման, իսկ 218 մլն դրամը՝ գյուղտեխնիկայի ձեռք բերման համար, այդ թվում՝ 12 անիվավոր տրակտոր, 8 խոտհնձիչ, 8 մեքենայական փոցխ, 9 հակավորող սարքավորում, մեկական՝ գութան և շարքացան:
Մարզում 2015թ. իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագրի շրջանակներում ընդգրկվել են Արջուտ, Լեռնանցք, Ծաղկաբեր, Մարգահովիտ և Մեծավան համայնքները:
Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքները համակարգող Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց վարչական հսկողության արդյունքները: Նրա տեղեկացմամբ 2015թ. մարզի 39 համայնքներում նախատեսված է իրականացնել վարչական հսկողություն, որից առաջին եռամսյակում՝ 9 համայնքներում: Ծրագիրը կատարվել է ամբողջությամբ և վարչական հսկողություն է իրականացվել Արևաշող, Բովաձոր, Արջուտ, Լեռնանցք, Աքորի, Սարչապետ, Վահագնի, Օձուն գյուղական և Ախթալա քաղաքային համայնքներում:
Հսկողության արդյունքում վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ: Արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ: Մասնավորապես խախտումներ են արձանագրվել ֆինանսական, քաղաքաշինության, հողերի օգտագործման, բնապահպանության, ընդերքօգտագործման և այլ բնագավառներում:
Անդրադառնալով արձանագրված խախտումներին՝ մարզի ղեկավարը զգուշացրեց, որ դրանց կրկնվելու դեպքում մոտեցումը խիստ է լինելու:
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի Լոռու մասնաճյուղի 2015 թվականի ծրագրերը՝ համայնքներին առաջարկելով առավել ակտիվորեն աշխատել կառույցի հետ:
Մարզխորհրդի նիստի ավարտին արվեցին նաև հայտարարություններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59