Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2015
15.05.2015
Մայիսի 16-ին, արդեն չորրորդ անգամ, Վանաձորի մարզապալատում կմեկնարկի ֆուտզալի Լոռու մարզպետի գավաթի 2015թ. խաղարկությունը: Մարզի բոլոր տարածաշրջաններում արդեն ավարտվել են նախնական խաղերը և եզրափակիչ փուլ մտած թիմերը շուրջ մեկ շաբաթ չորս ենթախմբերում կվիճարկեն մրցանակային տեղերը:
Այսօր փոխմարզպետ Տիգրան Բադոյանի նախագահությամբ տեղի ունեցավ մրցաշարի կազմկոմիտեի անդրանիկ նիստը, որին ներկա էին նաև թիմերի մարզիչներ, ներկայացուցիչներ, մրցավարներ: Փոխմարզպետը Լոռու մարզպետի անունից ողջունեց մրցաշարի մասնակիցներին, խաղերն սպասարկող անձնակազմին, թիմերին ցանակացավ դիտարժան խաղ և հաջողություն մրցասպարեզում:
Ապա մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը ներկայացրեց մրցաշարի կանոնադրության հիմնական պահանջները, ներկաներին իրազեկեց մրցանակաբաշխության կարգը: Մրցաշարի եզրափակիչ փուլում մրցանակային տեղերը չորս ենթախմբերում կվիճարկի մարզի տարբեր համայնքների 16 թիմ:
Բուռն քննարկման պայմաններում վիճակահանությամբ որոշվեցին ենթախմբերի կազմերը, որոնցից հաջորդ փուլ դուրս կգան լավագույն արդյունք գրանցած երկուական թիմեր:
Համաձայն առաջնության կանոնակարգի, մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին կհանձնվի Լոռու մարզպետի գավաթ, պատվոգիր, մեդալներ և դրամական պարգև:
Մարզպետի գավաթի եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 22-ին Վանաձորի մարզապալատում: Առաջնության գլխավոր մրցավարն է Մհեր Հովհաննիսյանը: