Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետը

15.05.2015

Մայիսի 14-ին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզ էր ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լոռու մարզի մուտքի մոտ նրան դիմավորեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ԱԱԾ Լոռու մարզային ծառայության պետ Սամվել Հայրապետյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ ուղեկցելով Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գործող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն: Վարչապետը մարզպետի և ուղեկցողների հետ շրջեց ընկերության տարածքում, ֆերմաներում, կովերի խնամքի և կթի բաժանմունքներում, ուր ընկերության տնօրեն Մ. Ազնավուրյանը ներկայացրեց կատարված աշխատանքները և ապագա ծրագրերը:
Ագրոհոլդինգը, որ անասնապահական արտադրության ժամանակակից ֆերմաներ է հիմնել ու զարգացրել Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում, մասնագիտացած է մսատու և կաթնատու խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ, ներկա պահին Սպիտակի անասնապահական համալիրում ունի բարձր մթերատու 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 100 գլուխը կովեր են: Օրական այստեղ արտադրվում է 2200 կիլոգրամ կաթ: Ընկերության տնօրենը ներկայացրեց, որ մոտ ապագայում նախատեսվում է անասնագլխաքանակի աճ մինչև 400 գլուխ, և դա հիմնականում պետք է կատարվի ի հաշիվ ֆրանսիական բարձր մթերատու գլխաքանակի ներկրման: Հյուրերը տեղեկացան նաև, որ անասնապահությունից զատ, տնտեսությունը զբաղված է նաև աշխարհում լավ համարում ունեցող հայկական գամփռ տեսակի շների բուծմամբ:
Այստեղից կառավարության ղեկավարը մարզպետի ուղեկցությամբ եղավ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում: Շրջայցի ընթացքում ընկերության նախագահ Բագրատ Դարբինյանը ներկայացրեց իրականացվող աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ Վանաձոր քաղաքում գործող ընկերության երկու մասնաճյուղերում ընդհանուր առմամբ աշխատում է 1400 մարդ: Ֆաբրիկան արտադրում է կանացի, տղամարդու և մանկական հագուստ եվրոպական ընկերությունների համար: Ձեռնարկությունը հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով և ունի արհեստվարժ անձնակազմ, որը հնարավորություն է տալիս արտադրելու եվրոպական ստանդարտներին և որակին համապատասխան հագուստ: Բ. Դարբինյանի ներկայացմամբ 2014թ. ընկերությունը թողարկել է 1769,8 մլն դրամի արտադրանք, որի տեսակարար կշիռը մարզի արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 2,5 տոկոս, իսկ թեթև արդյունաբերության արտադրանքի ծավալում՝ 72,6 տոկոս: 2015թ. առաջին եռամսյակում ընկերությունը թողարկել է 193,8 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 378.9 մլն դրամի դիմաց (աճը՝ 51,14 տոկոս): Բ. Դարբինյանը նշեց, որ մինչև այս տարեվերջ ընկերությունը նախատեսում է գործարկել ջինսե անդրավարտիքների արտադրության արտադրամասը և լվացքի տեղամասը, որի արդյունքում, ըստ նրա, ևս 200 աշխատատեղ կբացվի: Վարչապետը շրջայցի ընթացքում զրուցեց աշխատկիցների հետ, տեղեկացավ նրանց խնդիրներին: Աշխատակիցները գոհունակություն հայտնեցին ստեղծված պայմաններից՝ նշելով, որ ֆաբրիկան այն եզակի ձեռնարկություներիրց է, որն աշխատատեղեր է ապահովում մարզկենտրունում՝ վճարելով միջին ցուցանիշից բարձր աշխատավարձ:
Բ. Դարբինյանը խնդրեց կառավարության ղեկավարին աջակցել ջինսի արտադրամասի գործարկման հարցում: Հ. Աբրահամյանը հենց տեղում խոստացավ մինչ 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ֆաբրիկային՝ նոր աշխատատեղեր ստեղծելու պայմանով՝ հատկապես, որ, ինչպես ընկերության նախագահը վստահեցրեց, սպառման խնդիրներ չունեն:
Այստեղից ՀՀ վարչապետը ուղեկցողների հետ եղավ Վանաձորի ճոպանուղու տարածքում: Վանաձորի քաղաքապետը և քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Տիգրան Պապանյանը ճոպանուղու վերագործարկման անհրաժեշտությունը հիմնավորելով՝ նշեցին, որ դա մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված կարևորագույն քայլ կլինի: Հանգամանորեն ներկայացվեց նշված տարածքում «Մայմեխ» տուրիստական լեռնադահուկային համալիրի ստեղծման ծրագրային առաջարկը: Քաղաքապետը նշեց, որ Վանաձորի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկը նախկինում գործող ճոպանուղու տարածքում տուրիստական լեռնադահուկային համալիրի ստեղծումն է: Փամբակի լեռնաշղթայի լանջերը կարող են օրական ընդունել 5000 մարդ: Տեղանքը հնարավորություն է տալիս լեռնադահուկային և դահուկավազքի միջազգային կարգի սահուղիներ ունենալու, որի մասին վկայել է նաև կանադացի մասնագետների կողմից վերջերս կատարած ուսումնասիրությունը: Ս. Դարբինյանը վարչապետին տեղեկացրեց նաև, որ մոսկվայաբնակ բարերարներ՝ Էվոյան եղբայրները, ովքեր բարեգործական մի շարք ծրագրեր են իրականացնում մարզկենտրոնում, պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել նաև ճոպանուղու գործարկման համար: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարեց ներկայացնել ճոպանուղու վերագործարկման ներդրումային ծրագիրը, որից հետո այն ներդրողների մասնակցությամբ կքննարկվի կառավարությունում: Վարչապեը նշեց, որ ինքը ևս շահագրգիռ է Վանաձորի ճոպանուղու գործարկման հարցում:
Այնուհետև կառավարության ղեկավարը Վանաձորի քաղաքապետարանում հանդիպեց Լոռու մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքների ղեկավարների և տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսական ոլորտի խնդիրներին, բիզնեսի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր: Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշեց, որ քննարկման նպատակն է վեր հանել մարզում առկա խնդիրներն ու մտահոգող հարցերը, լսել տնտեսվարողների՝ կառավարությունից ունեցած ակնկալիքները, քննարկել կոնկրետ ծրագրեր:
-Ես բավարար չեմ համարում Լոռու մարզի ներուժի օգտագործման փոքր ծավալները: Վանաձորը նախկինում ամենախոշոր արդյունաբերական ներուժ ունեցող քաղաքներից էր, և այսօր, աստիճանաբար, փորձում ենք Լոռիում վերականգնել արդյունաբերական ներուժը: Մեր նպատակն է՝ օգտագործելով մեր ռեսուրսները, աստիճանաբար վերականգնել Վանաձորի ակտիվությունը: Կարծում եմ՝ կա մեծ հնարավորություն: Կառավարության նպատակն է՝ մարզերում, համայնքներում, քաղաքներում իրականացնել լոկալ ծրագրեր՝ այդպիսով լուծելով մեր քաղաքացիների՝ աշխատանքով ապահովման խնդիրը,- նշեց վարչապետը:
Դահլիճում ներկա տնտեսվարողները, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները անկաշկանդ կերպով հարցեր ուղղեցին կառավարության ղեկավարին՝ ներկայացնելով նաև իրենց դժգոհությունները օրենքներում առկա որոշ բացերից: Բիզնես ոլորտի ներկայացուցիչները հարցեր հնչեցրեցին շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ներդրումային ծրագրերի վերաբերյալ, ներկայացրեցին նաև առաջարկություններ: Վարչապետը հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին՝ քննարկել ներկայացված ծրագրերն ու ներկայացնել դրանց կյանքի կոչմանն ուղղված գործիքակազմ:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց կառավարության ղեկավարին Լոռու մարզ այցի և տնտեսվարողների ու համայնքների ղեկավարների հետ նման ձևաչափով հանդիպման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59