Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նվիրված Հաղթանակի և Խաղաղության տոնին

11.05.2015

Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձները Լոռու մարզում նշվեցին առանձնակի հանդիսավորությամբ:
Մայիսի 9-ին Վանաձոր մարզկենտրոնի երիտասարդները Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի առաջնորդությամբ տոնական դրոշներով ու հաղթանակը փառաբանող պաստառներով Հայքի հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Տոնական տրամադրությամբ հազարավոր վանաձորցիներ՝ պաշտոնատար անձինք, դպրոցականներ, ուսանողներ, վետերաններ, պետական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վաղ առավոտից հուշարձանի մոտ էին:
Տոնակատարությունն սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ:
-Շնորհակալություն մեր հերոսներին, որ մեզ վերադարձրին մեր արժանապատվությունը, որ կոչվում է հայի արժանապատվություն,- իր խոսքում ասաց Սրբազանը: - Երբեք չպետք է կորցնել զգոնությունը: Այն մեծ հարստութունը, որ կոչվում է հաղթանակ, պետք է մշտապես զորացնել նույնիսկ խաղաղության օրերին, զորացնել զենքով, վրձնով, արվեստով ու գիտությամբ:
Ներկաներին ողջունեց և Հաղթանակի օրվա ողջերթի խոսք ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը.
-Այսօր մեծ հաղթանակների տոն է, ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների օր,-ասաց նա:-Այդ մեծ հաղթանակներից մեկի տարիքը հոբելյանական է: 70 տարի առաջ մեր պապերը բազմազգ բանակի շարքերում հերոսաբար մասնակից եղան մարդկության ամենամեծ ոճրագործի՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին:Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի և երկրի համար պատմական իրադարձություն էր, որ դարձավ նոր մեկնարկ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով մեր տնտեսությունն ու մշակույթը նոր մակարդակի բարձրացնելու հզոր ազդակ։ Այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց։ Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ են պահելու նաև մեր զավակները: Ունեցանք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքը, որպես հայրենասիրության ու ռազմարվեստի օրինակ, ոգեշնչելու է ներկա ու գալիք սերունդներին։ Ճակատագրի բերումով,- շարունակեց մարզպետը,- 1992 թվականի նույն այս օրը հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ։ Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայոց անվեհեր ռազմիկներին։ Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ: Հայ ժողովուրդն այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դեմ կիրառվող որևէ բռնություն:

Շնորհավորանքի խոսք ասաց նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը.
-Հաղթանակներն արյան գին ունեն: Նախորդ դարի այս երկու մեծ հաղթանակներն ապացուցում են, որ մեր ժողովուրդը հերոսական ոգի ունի և ազատատենչ է,-ասաց նա:
Ելույթ ունեցան նաև Պատերազմի, զինված ուժերի և աշխատանքի վետերանների միության Վանաձորի խորհրդի նախագահ Գարուշ Խաչատրյանը, բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը: Նա և Լոռու մարզպետը ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից հոբելյանական մեդալներ հանձնեցին Հայրենական պատերազմի մասնակից մի խումբ վետերանների: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, որից հետո ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին` ոգեկոչելով հանուն հայրենիքի մարտնչած ռազմիկների հիշատակը:
Տոնական ծրագրով ելույթ ունեցան Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» և Զինված ուժերի փողային նվագախմբերը, Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը, «Հորովել» երգի-պարի համույթը, անհատ կատարողներ: Ներկայացվեցին Հայոց բանակի ռազմիկների մարտական պատրաստականության ցուցադրական ելույթներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24