Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի տոնը կնշվի մեծ հանդիսությամբ

07.05.2015

Մայիսի 6-ին տեղի ունեցավ Լոռու մարզի Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի եզրափակիչ նիստը՝ փոխմարզպետ Տիգրան Բադոյանի նախագահությամբ:
Մարզային միջոցառումների իրականացման ընթացքի մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, նշելով, որ հոբելյանական բոլոր միջոցառումները մարզի բոլոր համայնքներում իրականացվում են համաձայն համապատասխան ծրագրի: Ավարտին են հասցվել Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանների ու շիրիմների բարեկարգման, դրանց շրջակայքի մաքրման աշխատանքները, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են բերել դպրոցականներն ու 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները: Լիովին իրականացվում են նաև ծրագրով նախատեսված մյուս միջոցառումները:
Քանի որ աշխատանքային խմբի վերջին նիստն էր, և ընդամենը երեք օր է մնացել հոբելյանական տոնակատարությանը, մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը աշխատանքային խմբի անդամներին առաջարկեց հանդես գալ ամփոփ, հիմնավոր առաջարկություններով, կարծիքներով:
Առաջարկություններով հանդես եկան, նաև՝ միջոցառումների ծրագրի մասին իրենց դրական կարծիքն ասացին Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը, «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը, Վանաձորի պաշտպանական, ռազմատեխնիկական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Բալայանը, պատմաբաններ Սամսոն Քառյանը, Ռուբեն Պարսամյանը, ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների Լոռու մարզային խորհրդի նախագահ Գարուշ Խաչատրյանը: Համակարգող նիստին մասնակցում էր և ելույթ ունեցավ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հայկ Պետրոսյանը, որը ներկաներին պատմեց կորպուսի հրամանատարության և զինանձնակազմի կողմից Լոռու և Տավուշի մարզերի զորամասերում իրականացված ռազմահայրենասիրական լայնածավալ միջոցառումների ընթացքի մասին: Փոխմարզպետ Տ. Բադոյանը մարզպետարանի ղեկավարության կողմից առանձնակի գոհունակություն հայտնեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը՝ հոբելյանական միջոցառումներին ակտիվ մասնակցություն և մարզային իշխանությունների հետ համագործակցություն ունենալու համար:
Բազմակարծության պայմաններում անցած քննարկումներն ամփոփելով, խումբը վերջնական տեսքի բերեց Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին իրականացվելիք տոնական արարողությունների վերջնական ժամանակացույցը: Վերջնականապես որոշվեց հանրության դեպի Հաղթանակի հուշարձան երթի մեկնարկն սկսել Հայքի հրապարակից ժամը 10-ին: Հաշվի առնելով պատերազմի վետերանների առողջական խնդիրները, նրանց հուշակոթող կտեղափոխեն միկրոավտոբուսներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24