Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» երկրորդ հանրային քննարկումը

05.05.2015

Մայիսի 5-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» երկրորդ հանրային քննարկումը բնապահպանական ռիսկերի և խնդիրների վերաբերյալ:
Քննարկումն անց էր կացվում Բնապահպանության նախարարության ,«Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ, «Լոթթի Ինջեներիա» ընկերության, մարզպետարանի ներկայացուցիչների, ճանապարհին հարող համայնքների և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Ողջունելով բանախոսներին և հրավիրվածներին՝ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը նշեց, որ նման ձևաչափով սա երկրորդ հանրային քննարկումն է: Նա կարևորեց մարզի համար չափազանց կարևոր, կենսական նշանակության ծրագրի իրագործումը՝ համայնքների ղեկավարներին և շահագրգիռ կառույցներին առաջարկելով ակտիվորեն բարձրաձայնել հնարավոր բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առնչվել ճանապարհի կառուցմանը:
«Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ փոխտնօրեն Տիգրան Մեսրոպյանը համառոտ ներկայացրեց ծրագիրը՝ մասնավորապես անդրադառնալով հիմնական խնդիրներին: Նա նշեց, որ ծրագրի պայմանագրային պատվիրատուն է Եվրոպական ներդրումային բանկը, կազմակերպիչը՝ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը, ծրագրի խորհրդատուն՝ «Լոթթի Ինջեներիա» ընկերությունը: «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» նպատակն է բարելավել ճանապարհի տեխնիկական բնութագիրը՝ այն համապատասխանեցնելով միջպետական ճանապարհի համար նախատեսված հայաստանյան նորմերին, բարելավել ճանապարհի անվտանգությունը, որը կառավարության կողմից ճանաչվել է՝ որպես գերակա շահ, դյուրացնել գյուղական համայնքների մուտքը դեպի շուկաներ և սպասարկման կենտրոններ: Ըստ նրա, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի բարելավման ծրագրի իրագործումը կարևորվում է, հատկապես որ այն ռազմավարական և կենսական նշանակություն ունեցող միջանցք է՝ ՀՀ ներմուծումների և արտահանումների համար: Այն Հայաստանը կապում է Վրաստանի Սևծովյան նավահանգիստների, ԱՊՀ, Եվրոպայի և այլ երկրների հետ: Վանաձորից Ալավերդու միջով դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհն անցնում է Փամբակ և Դեբեդ գետերի կիրճի երկայնքով, որը սահմանափակված է 2 հիմնական տարրերով՝ գետերով և Վրաստան տանող երկաթգծով: Վերջինս մի քանի հատվածներով անցնում է ճանապարհի կողքով և մեծ ազդեցություն ունի ավտոճանապարհի վրա:
Բանախոսը նշեց, որ ծրագրի իրականացման նպատակով լուրջ և հիմնավոր ուսումնասիրություն է կատարվել, և հաշվի են առնվել բոլոր ռիսկերը, խնդիրները: Արդյունքում ընտրվել է ծրագրի իրագործման ամենառացիոնալ տարբերակը, որն էլ արդեն երկրորդ անգամ ներկայացվում է հանրային քննարկման՝ այն առավել բարելավելու և վերջնական տեսքի բերելու նպատակով:
Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ Արթուր Մինասյանը ներկայացրեց ծրագրի իրագործման ընթացքում ակնկալվող բնապահպանական և սոցիալական խնդիրները: Նա նշեց, որ դրանց բացահայտման նպատակով նախնական վերլուծություն է իրականացվել, հաշվի են առնվել բոլոր հնարավոր ռիսկերը: Ծրագրի իրականացման ընթացքում առավելագույն ջանքեր պետք է գործադրվեն այդ ռիսկերի նվազեցման նպատակով:
Ներկաները հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան՝ մասնավորապես անդրադառնալով ծրագրի իրականացման ընթացքում այլընտրանքային, շրջանցիկ ճանապարհների շահագործման խնդիրներին, բնապահպանական հարցերին, ավտոճանապարհի սողանքավտանգ հատվածներին, ճանապարհահատվածին հարակից տարածքներում գործող սպասարկման օբյեկտների հետագա գործունեությանը և այլն:
Հարցերին պատասխանելով՝ պատասխանատուները նշեցին, որ մինչ շինաշխատանքների մեկնարկը հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները, առաջարկությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 16:55:04