Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դսեղի առողջության կենտրոնը հագեցվել է բուժսարքավորումներով և տեխնիկական միջոցներով
29.04.2015
Դսեղի առողջության կենտրոնը սպասարկում է տեղի և Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Մարց և Չկալով համայնքների շուրջ 5400 բնակչության: Այս համայնքներում գործում են բուժակ-մանկաբարձական կետեր, որտեղ աշխատում են մեկական ընտանեկան բուժքույրեր: Ճանապարհների դժվարանցանելիության պատճառով Դսեղի առողջության կենտրոնում աշխատող 3 ընտանեկան բժիշկների համար, հատկապես անբարենպաստ եղանակներին, մեծ դժվարություններ են առաջանում անհրաժեշտության դեպքում համայնքներ հասնելու: Առողջական խնդիրներ ունենալու դեպքում Դսեղ գալու անհարմարություններ են ունենում նաև նշված համայնքների բնակիչները: Այս խնդիրն այլևս լուծված է:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի առաջարկությամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը 7-ական նոթբուք, սկայպի պարագաներ, էլեկտրասրտագրման ապարատներ, դեղորայքի պահպանման համար նախատեսված 6 սառնարան, 4 գլյուկոմետր, խոլեստերինի որոշման համար նախատեսված 2 սարք է նվիրաբերել: Նոթբուքների և սկայպի պարագաների միջոցով հնարավոր կլինի բժշկական խորհրդատվություն տրամադրել Դսեղի առողջության կենտրոնի կողմից սպասարկվող համայնքների բնակիչներին, իսկ տրամադրված բուժսարքավորումներն է՛լ ավելի արդյունավետ կդարձնեն աշխատանքը:
Ստեղծված նոր պայմաններին ծանոթանալու նպատակով ապրիլի 29-ին Դսեղի առողջության կենտրոն այցելեցին Լոռու մարզպետը, տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը և «Դիակոնիա» հիմնադրամի ծրագրերի համակարգող Մարիամ Անտոնյանը, հիմնադրամի ներկայացուցիչները: Մարզի ղեկավարն իր երախտագիտությունը հայտնեց «Դիակոնիա» հիմնադրամին մշտական աջակցության համար: Նա կարևորեց հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականացվող բոլոր ծրագրերը՝ նշելով, որ դրանք լուրջ աջակցություն են համայնքների համար: Դսեղի առողջության կենտրոնի տնօրեն Սուրիկ Աբգարյանը ևս իր երախտագիտությունը հայտնելով բարերարներին՝ նշեց, որ տրամադրված տեխնիկայի և բուժպարագաների միջոցով աշխատանքներն անհամեմատ ավելի արդյունավետ կկազմակերպվեն: Տեխնիկայի արդյունավետության ստուգման նպատակով տեսակապ հաստատվեց Դսեղի առողջության կենտրոնի կողմից սպասարկվող համայնքների հետ:
«Դիակոնիա» հիմնադրամի, Դսեղի առողջության կենտրոնի ու վերջինիս կողմից սպասարկվող բուժակ-մանկաբարձական կետերի միջև նաև համագործակցության համաձայնագիր կնքվեց: