Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

27.04.2015

Ապրիլի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Մարզի ղեկավարը Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովին իր երախտագիտությունը հայտնեց մինչ օրս տեղի ունեցած միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ 911 հեռախոսհամարով հնչել է 1641 զանգ, որոնցից ընդամենը 12-ն են դեպքերի մասին եղել, 30 հեռախոսազանգ ուղղորդվել են այլ ծառայություններ, 30 բնակչի խորհրդատվություն է տրամադրվել, մյուս կանչերը կամ կեղծ են եղել կամ ծառայության իսկությունը ստուգելու նպատակ են հետապնդել: Ա. Չատինյանը նշեց, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն կեղծ կանչերը կանխելու նպատակով:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Նրա տեղեկացմամբ, ապրիլի 22-ի դրությամբ մարզում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 51 տոկոս, գույքահարկինը՝ 55,5, հողի հարկինը՝ 41 տոկոս: Մարզի ղեկավարը մտահոգություն հայտնեց հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշների վերաբերյալ՝ փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին հանձնարարելով հետևողական աշխատանք տանել՝ մինչև ամսվա վերջ պատշաճ հավաքագրում ապահովելու նպատակով:
Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանին և Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանին մարզպետը հանձնարարեց հանգամանորեն քննարկել մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի մարզային ծրագիրը՝ նշելով, որ հոբելյանական միջոցառումները ևս պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով:
Անդրադառնալով մայիսի 17-ին Մոտկորի ենթաշրջանի 5 համայնքներում համայնքների խոշորացման ծրագրի իրականացման կապակցությամբ անցկացվելիք հանրաքվեին՝ մարզպետը ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանին հանձնարարեց ամենօրյա բացատրական աշխատանքներ իրականացնել համայնքների բնակիչների հետ՝ կարևորելով համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետությունը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը Ոստիկանության կողմից տրամադրված եռամսյակային տվյալները մտահոգիչ համարեց, քանի որ ոստիկանությունում հաշվառված երեխաների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4-ով (նախորդ տարի՝ 27): Ա. Նալբանդյանը հանձնարարեց այս ուղղությամբ առավել հետևողական աշխատանքներ իրականացնել: Նա դեպքերի կանխարգելման նպատակով կարևորեց հատկապես մարզպետարան-ոստիկանություն-համայնք-դպրոց համագործակցությունը:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագիրը հանրապետությունում կմեկնարկի մայիսի 1-ից: Շարժական ակնաբուժարանը Լոռու մարզում կլինի հունիսի 2-ին՝ առաջինը տեղակայվելով Թումանյանի տարածաշրջանում:
Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս ներկայացրեցին կատարված ընթացիկ աշխատանքները, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59