Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

20.04.2015

Ապրիլի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ ապրիլի 15-ից Լոռու մարզի տարածքում գործում է 911 հեռախոսակապը, որով բնակիչները կարող են ահազանգել արտակարգ դեպքերի ժամանակ: Նա տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ նոր հեռախոսակապի գործարկման կապակցությամբ զանգերն անհամեմատ շատ են եղել՝ 863, մինչդեռ նրանցից միայն 13-ն են վերաբերել արտակարգ դեպքերին, ևս 13 զանգ ուղղորդվել է համապատասխան կառույցներ, մնացած զանգերը ծառայության իսկությունը ստուգելու նպատակ են հետապնդել: Ա. Չատինյանը հույս հայտնեց, որ հետագայում քաղաքացիների հետաքրքրասիությունը կնվազի և կհնչեն զանգեր միայն իրական դեպքերի ժամանակ, առավել ևս, որ զանգերը գրանցվում են, առաջիկայում նաև՝ կձայնագրվեն:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Նրա տեղեկացմամբ, ապրիլի 17-ի դրությամբ մարզում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 41,8 տոկոս, գույքահարկինը՝ 46,7, հողի հարկինը՝ 31,5 տոկոս: Մարզի ղեկավարը մտահոգություն հայտնեց հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշների վերաբերյալ՝ փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին հանձնարարելով հետևողական աշխատանք տանել՝ մինչև ամսվա վերջ պատշաճ հավաքագրում ապահովելու նպատակով:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը ներկայացրեց Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված՝ ապրիլի 23-ին և 24-ին կազմակերպվելիք միջոցառումների ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:
Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի օգոստոսին Հայաստանում անց կկացվեն Համահայկական հերթական 6-րդ ամառային խաղերը, և նշեց, որ մարզն այդ խաղերին պետք է ներկայանա պատշաճ մակարդակով: Նա ասաց նաև, որ համայնքապետերը մասնակցության հայտերը պետք է ներկայացնեն մինչև հունիսի մեկը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին տրվող դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի բաշխման ընթաքը:
Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս ներկայացրեցին կատարված ընթացիկ աշխատանքները, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59