Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
09.04.2015
Ապրիլի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ներկա էին նաև մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Ընդունելության եկած 15 քաղաքացիներից 3-ը մարզի ղեկավարին դիմեց սոցիալական օգնության խնդրանքով, ևս 3-ը՝ առողջապահական խնդիրներով: Ա. Նալբանդյանը խոստացավ աջակցել դիմումներն ուսումնասիրելուց հետո:
Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, սակայն ինչ-ինչ պատճառներով բնակարանային ապահովման ծրագրում չընդգրկված 2 քաղաքացու Ա. Նալբանդյանն առաջարկեց ծրագրում ընդգրկվելու իրենց իրավունքը վերականգնել դատարանի միջոցով՝ փոխարենը խոստանալով օգնել անհրաժեշտ փաստաթղթերը արագ կերպով ձեռք բերելու հարցում:
Մարզի ղեկավարին էր դիմել նաև Վանաձորի 3-րդ կարգի վթարայնություն ունեցող՝ Գրիբոյեդովի 6 շենքի բնակիչ՝ Արմեն Սաքոյանը՝ բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով: Ա. Նալբանդյանը պարզաբանեց, որ Վանաձորի 3-րդ կարգի վթարայնության թվով 84 շենքերի ամրացման ծրագիր պետական բյուջեով առայժմ չի իրականացվում՝ միջոցների սղության պատճառով:
Հողահատկացման, ինչպես նաև կենսաթոշակային հինադրամի հետ կապված վիճահարույց հարցեր ունեցող քաղաքացիներին մարզպետը խոստացավ խորամուխ լինել բարձրացված հարցերում և հստակ պատասխանել առաջիկա օրերի ընթացքում: