Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

07.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցադրություն բացվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանում: Ցուցադրվում են Լոռու նկարիչների ստեղծագործություններ և աշխատանքներ թանգարանի ֆոնդային հավաքածուից: Ներկայացված շուրջ 90 աշխատանքներն աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կոլաժ: Արվեստագետներից յուրաքանչյուրը, ապավինելով սեփական և ազգային զարկերակի հիշողությանը, փորձել է յուրովի ներկայացնել դարասկզբին հայկական իրականությանը պատուհասած աննախադեպ ոճիրը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալները, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, մտավորականներ, ուսանողներ Վանաձորի բուհերից և կրթական այլ հաստատություններից, արվեստագետներ և արվեստասեր հանրություն:
Բացման խոսք ասաց թանգարանի տնօրեն, գեղանկարիչ Փափագ Ալոյանը: «Ներկայացվում են երեք սերունդների աշխատանքներ… Եթե 100 տարի առաջ պետություն ունենայինք, նմանօրինակ ոճիր չէր լինի… Այսօր փայփայել է պետք մեր պետությունն ու պետականությունը»,- ասաց նա:
Այնուհետև ներկաները հնարավորություն ունեցան դիտելու ներկայացված աշխատանքները: Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորեց նմանատիպ թեմատիկ ցուցադրությունների կազմակերպումը մարզկենտրոնում ու հատկապես այն, որ ցուցասրահում ներկայացված են միանգամից երեք սերունդների գործեր, ովքեր իրենց ստեղծագործություններով պատմական արդարության պահանջ են ներկայացնում:
Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59