Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը շնորհավորեց մարզի համայնքների կին ղեկավարներին և բազմազավակ մայրերին
07.04.2015
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մարզի ղեկավարը շնորհավորեց և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց մարզի 4 համայնքների կին ղեկավարներին և 10-ը բազմազավակ մայրերի: Հերոս մայրերին դիմելով՝ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ հայրենիքին հայորդիներ պարգևելու համար, դժվարությունների հաղթահարման գնով զավակներին կրթելու ու դաստիարակելու համար:
- Կյանքը ձեզնով է հարատևում և ամենասրբագույն էությունները՝ մայր հայրենիքը, մայրենի լեզուն արժևորվում են մայրության սիրո խորհրդով,- ասաց նա:
Նա շնորհավորեց և երախտագիտության ջերմ խոսքեր հղեց նաև համայնքների կին ղեկավարների:
-Ձեր ուսերին այսօր ծանր բեռ է դրված: Ընտանիքի հոգսերը հոգալուց զատ, դուք նաև համայնք եք ղեկավարում ու կատարում եք դա պատվով և ամենայն պատասխանատվությամբ,- ասաց մարզի ղեկավարը:
Մարզպետը դահլիճում ներկա կանանց, մայրերին ծաղկեփնջեր և արժեքավոր նվերներ հանձնեց, ապա հրավիրեց մտերմիկ զրույցի: Բազմազավակ մայրերը Ա. Նալբանդյանին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում սոցիալական բնույթի էին: Մարզպետը խոստացավ հնարավորինս աջակցել բարձրացված խնդիրների լուծման հարցում:
-Բազմազավակ ընտանիքների խնդիրները ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են և միջոցների առկայության դեպքում պետք է փորձենք աջակցել նաև բնակարանային պայմանների բարելավման հարցում,- ասաց Ա. Նալբանդյանը:
Կանայք իրենց հերթին մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնեցին մշտական ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար: