Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թատերարվեստի գործիչներին շնորհավորեց մարզի ղեկավարը
27.03.2015
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ջերմ վերաբերմունքը թատրոնի և թատերարվեստի գործիչների նկատմամբ ակնառու է, և Թատրոնի միջազգային օրը մարզի ղեկավարի համար ևս մեկ առիթ է անձամբ շնորհավորելու թատրոնի նվիրյալներին:
Մարտի 27-ին Ա. Նալբանդյանը Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված հյուրասիրության սեղանների շուրջ մարզպետը շնորհավորեց արտիստներին, բեմադրիչներին, թատերարվեստի բոլոր գործիչներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, ստեղծագործական նորանոր նվաճումներ, հանձնեց նվեր:
Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնեց մարզպետին՝ թատրոնին մշտապես սատարելու, թատերասեր և թատրոնի նվիրյալ լինելու համար: Ողջույնի և շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանը, Ռոզա Մխիթարյանը, վաստակավոր արտիստուհի Հասմիկ Ալեքսանյանը:
Ա. Նալբանդյանը եղավ նաև Սպիտակի տիկնիկային թատրոնում՝ ջերմ շնորհավորանքներ հղելով նաև այս փոքրիկ թատրոնի նվիրյալներին: Լոռու մարզպետի կողմից տոնական հյուրասիրություն արվեց նաև Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ», Տիկնիկային և Ալավերդու թատրոնների համար: Այս թատրոններ այցելեց մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, ով թատրոնի գործիչներին փոխանցեց մարզի ղեկավարի շնորհավորանքները: