Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում դպրոցների տնօրենների հետ
20.03.2015
Լոռու մարզպետի աշխատանքային վերջին խորհրդակցություններից մեկում մարզպետը կշտամբանքով խոսեց այն դպրոցների հասցեին, որոնք վերջին երեք տարում մարզային առարկայական օլիմպիադաներին մասնակից չեն տվել: Նա կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակազմին հանձնարարեց տեղերում ուսումնասիրել պատճառները, միջոցներ ձեռնարկել թերացող ուսումնական հաստատություններում կրթության և դաստիարակության դրվածքը բարելավելու համար:
Այս և ուսումնադաստիարակչական այլ խնդիրների շուրջ հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման նպատակով մարտի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը եղան Թումանյանի տարածաշրջանում: Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման թեմաներն էին. մասնակցությունը դպրոցականների առարկայական օլիմպիադաներին, դպրոցների վարկանիշավորումն ու dasaran.am կայքի հետ աշխատանքը:
Կրթության վարչության պետը բարձրաձայնեց այն դպրոցների անունները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակից չեն ապահովել:
-Սա առաջին հերթին տնօրենների ու մանկավարժների թերացումն է: Կրթության որակը գնահատվում է նաև մարզային ու հանրապետական օլիմպիադաներին աշակերտների մասնակցությամբ,- ասաց մարզի ղեկավարը, նշելով, որ որոշ դեպքերում էլ դպրոցներից անպատրաստ աշակերտներ են ուղարկում օլիմպիադաների մարզային փուլ, ինչը ևս անթույլատրելի է:
Տնօրենների հետ հանդիպման ընթացքում մարզպետը խոսեց նաև դպրոցներում տեղ գտած արատավոր երևույթների, անհարգելի բացակայությունների և ուսումնական գործընթացից դուրս մնացած երեխաների մասին: Մարզպետը տնօրեններին նաև հորդորեց դպրոցի կառավարումը դարձնել մասնակցային: