Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացավ «Սարտոն» կարի ֆաբրիկայի արտադրական գործունեությանը
18.03.2015
Վանաձորի «Սարտոն» ընկերության աշխատանքային պայմաններին ու գործունեությանը ծանոթանալու նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանը մարտի 17-ին փոխմարզպետների ուղեկցությամբ եղավ ֆաբրիկայում: Ֆաբրիկայի տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը հյուրերին ուղեկցեց արտադրամասերով, պատմեց արտադրության ներկայի ու առաջիկա ծրագրերի մասին: Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկան կազմավորվել է 1990-ական թվականներին, ժամանակին լայնորեն համագործակցել է ՌԴ, ինչպես նաև ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ: 1997 թվականից ձեռնարկությունը արտադրական կապեր է հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ, իսկ արդեն 8 տարի է, ինչ աշխատում է իտալական «Մոկլեր» ֆիրմայի հետ: 300 աշխատող ունեն, միջին ամսական աշխատավարձը 100 հազար դրամ է: Ֆաբրիկան Իտալիայից է ստանում հումքն ու աքսեսուարները, այստեղ արտադրանքը ձևվում է, կարվում, փաթեթավորվում և ուղարկվում Իտալիա: Ֆաբրիկայի արտադրանքի հիմնական տեսականին մանկական, կանացի ու տղամարդու հագուստներն են՝ եվրոպացի սպառողների ճաշակին ու պահանջարկին համապատասխան:
Մարզպետն ու ուղեկիցները բավականությամբ իմացան, որ նախորդող տարվա համեմատությամբ 2014թ.-ին արտադրական ծավալների աճ է գրանցվել, չի բացառվում, որ 2015թ.-ին ևս առաջընթաց արձանագրվի:
Արթուր Նալբանդյանն իր հերթին ընդգծեց, որ թեթև արդյունաբերությունը ևս մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ըստ նրա, մարզի տնտեսության զարգացումը, որքան էլ հիմված լինի հանքարդյունաբերության վրա, առանց թեթև արդյունաբերության, առանց փոքր ու միջին բիզնեսի ծավալման, լիարժեք լինել չի կարող: Այս առումով նա կարևորեց թեթև արդյունաբերության զարգացումը հատկապես Վանաձորում, քանի որ այստեղ աշխատատեղերի խնդիր կա և այդ խնդիրը պետք է լուծում ստանա նաև այդ ճյուղի օրավուր զարգացման պայմանով: