Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

16.03.2015

Մարտի 16-ին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի, մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղեկացմամբ մարզի համայնքների գերակշիռ մասը լարված աշխատելու խնդիրներ ունի կապված՝ սեփական եկամուտների հավաքագրման հետ: Եթե գույքահարկի հավաքագրման ցուցանիշներով մարզն արդեն իսկ շուրջ 20 տոկոսով գերազանցել է տարվա առաջին եռամսյակի առաջադրանքները, ապա մտահոգիչ է մնում հողի հարկի մարտ ամսվա և ընդհանրապես եռամսյակի վիճակը: Իսկ 9 համայնքներ մարտ ամսվա ընթացքում ընդհանրապես որևէ ցուցանիշ չունեն եկամուտների հավաքագրման գծով, ինչը Ա. Նալբանդյանը խիստ անընդունելի համարեց:
Մարզպետն իր տեղակալներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին մեկ անգամ ևս հրահանգեց հետևողական աշխատանք տանել համայնքներում եկամուտների հավաքագրման գործընթացում ձախողումները բացառելու համար:
Մարզի ղեկավարին հետաքրքրում էր նաև վերջին շրջանում հանրապետությունում վիրուսային գրիպի տարածվածությունն ու մարզում առկա իրավիճակը: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ս. Լամբարյանը զեկուցեց, որ գրիպի զանգվածային բռնկում Լոռու մարզում բարեբախտաբար չկա, իրավիճակն էլ վերահսկելի է: Վարչության պետը նաև տեղեկացրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ Սպիտակ քաղաքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման կենտրոն հիմնելու վերաբերյալ, որը պիլոտային փուլում կսպասարկի 16 անձանց: Ծրագիրը շարունակական է և բարեհաջող ընթացքի դեպքում կարող է արմատավորվել նաև մարզի այլ տարածաշրջաններում:
Խորհրդակցությունում խոսք գնաց նաև դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասին, որը մեկնարկել է մարտի 16-ին: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը զեկուցեց, որ ընդհանուր առմամբ հանրապետական փուլին կմասանակցեն 130 լոռեցի դպրոցականներ, որը վատ ցուցանիշ չէ: Իսկ ահա մարզպետի հանձնարարությամբ առանձնացվել են մարզի այն 62 դպրոցները, որտեղից վերջին երեք տարվա ընթացքում առարկայական օլիմպիադաներին ոչ մի մասնակից չի տրվել: Նման հաստատությունների տնօրենների հետ շատ առարկայական խոսակցություն պետք է տարվի, իսկ կրթության բաժնի մասնագետները պետք է մշտապես լինեն տեղերում, նպաստեն իրավիճակի շտկմանը. այսպիսին էր մարզպետ Ա. Նալբանդյանի պահանջը վարչության պետից:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գր. Հակոբյանը:Ըստ նրա, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, պետության կողմից մատչելի գնով ֆերմերներին տրվող սերմացուների, հանքային պարարտանյութերի ու դիզելային վառելանյութի բախշման գործընթացը կատարվում է առանց էական թերությունների: Այս առումով մարզպետը գյուղվարչության պետին հանձնարարեց լինել հետևողական ու պահանջկոտ պետության այդ խրախուսելի նախաձեռնությունը լիակատար դարձնելու համար: Գր. Հակոբյանը նշեց, որ տարեսկզբից ֆերմերներին արդեն տրվել է 700 տոննա ազոտական պրարտանյութ, 20 համայնքների բաշխվել է 76 տոննա դիզելային վառելիք: Գործընթացը շարունակվում է:
Քանի որ օրեցօր մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հնարավոր են արտասահմանյան պատվիրակությունների այցեր նաև Լոռու մարզ, մարզպետ Ա. Նալբանդյանը հանձնարարեց խիստ հետևողականություն հանդես բերել ավտոճանապարհների, փողոցների, տարբեր հուշարձանների ու սրբատեղիների մաքրության ու բարեկարգման նկատմամբ:
Խորհրդակցությանը արծարծվեցին նաև քաղաքաշինության, հողաշինության, ներքին աուդիտի, զբոսաշրջության և այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59