Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան նշեցին Կանանց միջազգային տոնը

12.03.2015

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան(ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մարտի 11-ին Ախթալայում կազմակերպել էին տեղեկատվական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային տոնին: Ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Եվրամիության, ՀԵԿԱ ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, լրատվամիջոցներ: Ծրագրի մանրամասները և միջոցառման կազմակերպման նպատակը ներկայացրեց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց, որ միջոցառման նպատակն է՝ հանրությանը ներկայացնել «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումները և միասին նշել Կանանց միջազգային օրը:
ՀԵԿԱ հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 768.357 եվրո: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ: Ծրագրի նպատակն է՝ խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Մինչ օրս «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում 5 համախմբի համար մշակվել են տեղական տնտեսական զարգացման մոդելներ և իրականացվել է 7 բիզնես դասընթաց, որից 6-ը՝ CEFE մեթոդաբանությամբ:
Դասընթացներին մասնակցել են ավելի քան 140 կանայք և աղջիկներ: Դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 62 բիզնես ծրագիր, որից 12-ը՝ խմբային: Ներկայացված ծրագրերից 14-ը ստացել են դրական գնահատական, որից 3 ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, և 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են: Մնացած 11 ծրագրերը, որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման և փաստաթղթավորման փուլում, որից հետո նրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Արսեն Դարբինյանը: Նա կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը Լոռու մարզում՝ երախտագիտություն հայտնելով նաև Լոռու մարզպետի անունից: Ծրագրի կարևորության մասին խոսեց նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Մոնիկա Պապյանը: Համայնքների զարգացման հարցում կանանց մասնակցային դերը կարևորեցին նաև համայնքների ղեկավարները:
Միջոցառման ավարտին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնը հանդես եկավ «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59