Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորեց մարզի վաստակաշատ կանանց

06.03.2015

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժինը Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզի վաստակաշատ կանանց շնորհավորելու նպատակով Կանանց տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում: Հրավիրվել էին կրթության, մշակույթի և արվեստի բնագավառներում ակնառու ծառայություններ մատուցած 35 մտավորական կանայք: Նրանց շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանն ու նրա տեղակալ Էդիկ Մացակյանը, վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի աշխատակիցներ:
Ներկաները Գուգարաց թեմի առաջնորդի հետ միասին աղոթք հնչեցրին առ Աստված, ապա սրբազանն իր օրհնությունը հղեց՝ հայ կանանց մաղթելով տոկունություն, դժվարությունները հաղթահարելու համբերատարություն, սիրված և գնահատված լինելու երջանկություն:
Մարզպետն իր ջերմ շնորհավորանքի խոսքն ասաց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
- Տարիներ ի վեր, դեռ դպրոցական տարիքից, յուրաքանչյուր պատանու համար առանձնահատուկ սրտամոտ է Մարտի 8-ը, որն առիթ է ընձեռում առաջին ձնծաղիկները նվիրել սիրելի ուսուցչուհուն և թանկագին մորը:
Հասուն տարիքում Մարտի 8-ը մեզ համար առիթ է արդեն արտահայտելու մեր սերն ու գորովը գեղեցիկ սեռի նկատմամբ և երախտագիտորեն վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի:
Ձեր ներկայությունն իսկ դրականորեն փոխում է մթնոլորտը՝ բոլորին դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական,- ասաց Արթուր Նալբանդյանը՝ մաղթելով նրանց ընտանեկան ջերմություն և հաջողություններ, հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը մշատապես զգալու և վայելելու երջանկություն:
Կանանցից ոմանք երախտագիտություն հայտնեցին մարզպետին իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ջերմ վերաբերմունքի համար:
Մարզի ղեկավարը ծաղիկներ, շնորհավորագրեր և դրամական պարգևներ հանձնեց հարգարժան կանանց: Կենտրոնի տնօրեն Կարինե Գլոյանն իր հերթին մարզպետին նվիրեց երեխաների ձեռքի աշխատանքներից: Կանանց համար նաև հյուրասիրություն էր կազմակերպվել: Ներկաները վայելեցին նաև գեղեցիկ երաժշտություն՝ ջութակահարուհի Նաիրա Գրիգորյանի կատարմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59