Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձոր քաղաքի անհատ աշխատող տաքսու վարորդներին տրվեցին պարզաբանումներ

04.03.2015

Մարտի 4-ին Վանաձոր քաղաքի անհատ աշխատող տաքսու վարորդները ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց անհամաձայնությունն արտահայտելու, իրենց հուզող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ ստանալու նպատակով Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանի, ՀՀ տրանսպորտի տեսչության պետ Արման Միրիջանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանը:
Նշենք, որ մարտի 2-ին մարզկենտրոնի անհատ աշխատող տաքսու վարորդները հանդիպում էին ունեցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, ով խոստացել էր նախարարությունից ներկայացուցիչներ հրավիրել վարորդներին հուզող հարցերը տեղում պարզաբանելու նպատակով:
Ա. Դարբինյանը տաքսու վարորդներին առաջարկեց լսել նախարարության ներակայացուցիչների պարզաբանումները խնդրի վերաբերյալ, ապա և առողջ քննարկում ծավալել՝ հարցեր հղել, առաջարկություններ անել:
Նախարարության պաշտոնյաները մանրակրկիտ ներկայացրին մարդատար-տաքսի ավոտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունները, որի համաձայն` Երևան քաղաքում և մարզերում տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանվել է պետական տուրքի վճարումների տարբերակված սկզբունք։

Ըստ այդմ՝ Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար սահմանվել է 12 հազար դրամ ամսական տուրք, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար, տարեկան՝ 120 հազար դրամ:

Հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում, ամսական տուրքը կազմում է 8000, եռամսյակայինը՝ 23 հազար, տարեկանը՝ 80 հազար դրամ:

700 գյուղական համայնքներում տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք ամսվա ավարտին կվճարեն ավելի քիչ՝ 5000 դրամ: Եռամսյակի և տարեկան տուրքի համար վճարվող գումարները ևս ավելի պակաս են. համապատասխանաբար՝ 13.500 և 45.000 դրամ:
Օրենքում տարբերակված մոտեցում է ցուցաբերվել 183 սահմանամերձ բնակավայրերի տաքսու վարորդներին: Ամսական տուրքը նրանց համար կազմում է 4000 դրամ, եռամսյակայինը՝ 9000, տարեկանը՝ 30.000 դրամ:

Տարածված լուրերը, թե օրենքով վարորդներին պարտադրվում է հանրապետության հեռավոր մարզերից հասնել մայրաքաղաք՝ հաշվիչները ստուգաչափելու համար, իրականությանը չեն համապատասխանում: Չափագիտության ազգային ինստիտուտն ունի մշտական բաժիններ, որոնք գործում են և զբաղվում են նաև տաքսու հաշվիչների ստուգաչափման աշխատանքներով:

Հարկ եղած դեպքում Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Գավառում ներկայում գործող մշտական բաժինների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել: Չափագիտության ազգային ինստիտուտը պատրաստ է իր մասնագետներին գործուղել հանրապետության ցանկացած քաղաք՝ ստուգաչափման գործընթացը տեղում իրականացնելու համար: Վարորդներին հուզում էր նաև հաշվիչների տեղադրման խնդիրը: Հաշվիչների արժեքն, ըստ շրջանառվող լուրերի 70-100 հազար դրամ է: Ա. Արսենյանը վստահեցրեց, որ տեղական արտադրողները սահմանել են 50 հազար դրամ սակագին, մինչդեռ ներկայում քննարկվում է այդ սակագնի նվազեցման հարցը: «Անկախ ամեն ինչից դաշտը կանոնակարգման կարիք ունի, որը բխում է նաև ձեր շահերից, այլապես մեքենա ունեցող ցանկացած քաղաքացի այսօր կարող է ուղևորափոխադրման ծառայություն մատուցել, ինչն անթույլատրելի է»,- ասաց նա: Լսելով ներկաների կարծիքները, արված առաջարկությունները՝ նախարարության պաշտոնյաները խոստացան դրանք ներկայացնել կառավարության ղեկավարին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24