Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ախթալայի քաղաքապետը հանդես եկավ հաշվետվությամբ
02.03.2015
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Արսեն Դարբինյանի և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի հետ ներկա գտնվեց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հաշվետվությանը: Քաղաքապետի հաշվետվությունը լսելու էին եկել նաև ավագանու անդամները, համայնքի բնակիչները, ալավերդցիներ, ԼՀԿ-ի ներկայացուցիչները:
Քաղաքապետը նշեց, որ 2014 թ. սեփական եկամուտների հավաքագրման պլանը շուրջ 7 մլն դրամ է եղել, փաստացի կատարողական կազմել է 79 տոկոս: Արդյունքը գոհացնող չէ և քաղաքապետարանում պատրաստվում են անպարտաճանաչ հարկատուներից հարկերը գանձել դատարանի միջոցով:
Հաշվետվության ընթացքում խոսվեց նաև 2015թ. իրականացվելիք ծրագրերի մասին: Հ. Խաչիկյանը նշեց, որ դեռևս նախորդ տարվանից սկսվել է Ախթալայի նախկին պահածոների գործարանի մասնաշենքի վերականգնումը, որը ծառայելու է որպես ալրաղաց: Այժմ շինարարությունում ընդգրկված է և ժամանակավոր աշխատանք ունի 30 ախթալեցի:
Քաղաքապետի հաշվետվությունից հետո իրականացված աշխատանքներին իր գնահատականը տվեց մարզպետը: Նա նշեց, որ համայնքի ղեկավարների` համայնքի բնակիչների առջև հաշվետվությամբ հանդես գալը թափանցիկ աշխատաոճի և մասնակցային կառավարման միջոց է:
Վերջում ախթալեցիները մարզի ղեկավարին նաև հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: Հարցերի մեծ մասը վերաբերում էին աշխատատեղերի խնդրին և ԼՀԿ-ի գործունեությանը: Նիստի վերջում մարզպետը հանդիպում ունեցավ ԼՀԿ-ի ղեկավարության հետ՝ քննարկելով մի շարք հարցեր: