Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

02.03.2015

Մարտի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը հակիրճ ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրված արտակարգ դեպքերը՝ մասնավորապես անդրադառնալով փետրվարի 27-ին Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր - Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափմանը (մոտ 20 տ), ինչի հետևանքով վնասվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Մարզպետը նշեց, որ հաջորդ տարի կսկսվի Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի հիմնանորոգումը, որի արդյունքում լուրջ ուշադրություն կդարձվի նաև սողանքավտանգ հատվածներին:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Նա տեղեկացրեց, որ պլանի դիմաց փետրվար ամսվա սեփական եկամուտների կատարողականը կազմել է 90,6 տոկոս, hողի հարկի հավաքագրմանը՝ 94 տոկոս, գույքահարկի կատարողականը՝ 101,9 տոկոս: Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանք իրականացնել հարկերի հավաքագրման բարելավման ուղղությամբ:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Այս տարի դպրոցներն աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում, ընդլայնվել է նաև մասնակցության աշխարհագրությունը: Մարզպետը հանձնարարեց կազմել մարզի այն դպրոցների ցանկը, որոնք վերջին երեք տարիներին մասնակցություն չեն ունեցել օլիմպիադաներին, վեր հանել պատճառները: Վարչության պետը տեղեկացրեց նաև, որ աշխատանքներ են իրականացվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված և այլ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյա տարելիցին ընդառաջ՝ Ա. Նալբանդյանը ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել համայնքներին՝ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքները կարգի բերելու նպատակով:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց մարզում իրականացվող կապիտալ շինաշխատանքների ընթացքը: Նա տեղեկացրեց, որ Լոռու մարզպետարանի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ այս տարի կիրականացվեն Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի մարզադահլիճի վերակառուցման (250 մլն դրամ), թիվ 31 մանկապարտեզի կապիտալ հիմնանորոգման (60 մլն դրամ), Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի (25 մլն դրամ) և Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հիմնանորոգման (19,8 մլն դրամ) աշխատանքներ:
Նա ներկայացրեց նաև մարզում պետբյուջեի միջոցներով իրականացվող կապիտալ շինաշխատանքների ընթացքը: Ներկայում ընթացքի մեջ են Քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող Վանաձորի թիվ 18 միջնակարգ և թիվ 6 հիմնական դպրոցների վերակառուցումը, Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի դահլիճի, Վանաձորի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցումը: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով կիրականացվի ծննդաբերական մասնաշենքի, Տաշիրի և Ստեփանավանի մանկապարտեզների կառուցումը: ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրատվությամբ նախատեսվում է իրականացնել Վանաձորի մի քանի բնակելի շենքերի վերանորոգում՝ զինծառայողներին բնակարանով ապահովելու նպատակով:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ անցած շաբաթվա ընթացքում վարչությունը վերսկսել է պետական աջակցությամբ տրվող պարարտանյութի բաշխումը: Մարզի 14 համայնքի արդեն բաշխվել է 384 տոննա ազոտական պարարտանյութ: Այս տարվա համար մարզը ներակայացրել է 2300 տոննա ազոտական պարարտանյութի պահանջարկի հայտ: Ստացվել և պահեստավորվել է նաև 17 տոննա կորնգանի և 40 տոննա գարնանացան գարու սերմացու: Մարզպետը հանձնարարեց պարարտանյութի և սերմացուների դիմաց գանձվող գումարները հավաքագրել սահմանված ժամկետներում:
Մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքերի պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզում մեկնարկել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՀՀ կառավարության հետ համատեղ ջանքերով իրականացվող 2 կարևոր ծրագիր: Առաջինը՝ «Հայտնաբերում, ուղղորդում և կանխարգելում» ծրագրի երկրորդ փուլն է: Այն նպատակ ունի հայտնաբերելու պարտուսից դուրս մնացած երեխաներին, ինչպես նաև ուսումնասիրելու տնային ուսուցում ստացող երեխաների դասընթացը: Եթե ծրագրի առաջին փուլում ընդգրկվել էին միայն Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի դպրոցները, ապա այժմ՝ ողջ մարզը: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստեղծել մարզային համակարգող խորհուրդ, որում կընդգրկվեն ներկայացուցիչներ նաև ՏԻ և ՀԳՄ հարցերով, Կրթության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություններից:
Հաջորդը՝ «Խնամակալական հաստատությունների բեռնաթափում և կանխարգելում» հնգամյա ծրագիրն է, որի իրականացմանը ներգրավված են նաև մի շարք միջազգային կառույցներ: Առաջին փուլով բեռնաթափմանն ուղղված ուսումնասիրություններ կկատարվեն Վանաձորի մանկատանը:
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը նշեց, որ նախորդ շաբաթն ակտիվ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության առումով: Շարունակվել է համագործակցությունը «Դիակոնիա» կազմակերպության հետ, որը օրերս սննդի փաթեթներ է բաշխել Ստեփանավանի տարածաշրջանի 130 սոցիալապես անապահով ընտանիքի, առաջիկայում օգնություն կտրամադրվի մարզի ևս 500 ընտանիքի: Հ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունն առաջիկայում նախատեսում է մինչև 5000 եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագրեր իրականացնել մարզի համայնքներում: Կարևոր նախապայման է, որպեսզի ծրագրերի հիմքում դրված լինի երեխայակենտրոն մոտեցումը: Մարզպետն առաջարկեց շրջաբերականներ ուղարկել մարզի համայնքներին՝ տեղեկացնելով դրամաշնորհների մասին, և կոչ արեց ակտիվություն ցուցաբերել:
Ա. Նալբանդյանը անդրադարձավ նաև նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ նշելով, որ վերջիններս առաջարկել են գյուղատնտեսական աջակցության ծրագրեր իրականացնել մարզի համայնքներում: Մարզպետը համապատասխան վարչություններին հանձնարարեց ակտիվորեն գործակցել համայնքների հետ, աջակցել, որպեսզի վերջիններս իրատեսական ծրագերեր ներկայացնեն: Նշվեց նաև, որ Լոռու մարզպետի աջակցությամբ Լոռու մարզը ներկայացնող եռալեզու ամսագիր է պատրաստվում, որը բավականին գրավիչ առաջարկ կլինի մարզ այցելող զբոսաշրջիկների համար:
Ընթացիկ աշխատանքների մասին տեղեկատվությամբ և առաջարկություններով հանդես եկան նաև մյուս վարչությունների և բաժինների պետերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24