Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Լոռու մարզպետի 2014թ. հաշվետվությունը

20.02.2015

Այսօր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվեց այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նախարարության մի խումբ աշխատակիցներ:
Նրանց, մարզի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպություննեերի, կուսակցությունների տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչների, ստեղծագործական միությունների, հանրության ու լրատվամիջոցների առջև տարեկան ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ներկայության համար՝ նա ամփոփ ելույթով անդրադարձավ 2014թ. ընթացքում կատարված աշխատանքներին, նշանակալի իրադարձություններին և խնդիրներին:
-Անցած 2014 թվականը մեր պետության և ժողովրդի համար սոցիալական լուրջ մարտահրավերների հաղթահարման, հիմնախնդիրների լուծման ժամանակաշրջան էր, և, բնականաբար, պետության կողմից ծրագրավորված քայլերն ուղղված էին ծառացած խնդիրների լուծմանը: Միաժամանակ եղան նաև անկանխատեսելի ցնցումներ՝ կապված աշխարհաքաղաքական հայտնի իրադարձությունների հետ: Ռուսաստանի Դաշնության տնտեսության վրա իրականացված ճնշումների անբարենպաստ ալիքն իրեն զգացնել տվեց նաև մեզանում, քանզի բոլորիս էլ հայտնի է, որ Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական կամուրջները կենսական նշանակություն ունեն մեզ համար: Խոստովանենք, որ նոր իրավիճակներից առաջացած խնդիրներն ու ծագած մարտահրավերները շատ ավելի ցավոտ կարող էին լինել, եթե Հանրապետության Նախագահի և կառավարության կողմից ժամանակին ձեռք չառնվեին անհրաժեշտ միջոցներ: Միաժամանակ, զուգահեռաբար շարունակվեցին իրականացվել մեր ծրագրերը,-ասաց նա՝ նշելով, որ այդ հիմնախնդիրների զգալի և կենսականորեն կարևորագույն մասը լուծվել է հաջողությամբ, և Լոռին իր ծանրակշիռ ավանդն է ունեցել այդ մարտահրավերների հաղթահարման գործում և ձեռք բերված հաջողությունների մեջ: Ողջ հանրապետության և հատկապես մեր մարզի համար նշանակալի ձեռքբերում է եղել նոր աշխատատեղերի ստեղծումը Լոռու մարզում: Ըստ մարզի ղեկավարի, նախորդ տարեվերջին «Թեղուտ» Փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեկնարկը նշանակալի երևույթ էր ոչ միայն մարզի, այլև ողջ հանրապետության համար. աշխատանք ունեցավ ավելի քան 1300 մարդ: Սպիտակի թռչնաֆաբրիկայի գործարկումը աշխատանքով ապահովում է շուրջ 220, իսկ տրիկոտաժի ֆաբրիկայի գործարկումը՝ 100 մարդու: Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ այլ ծրագրեր ու անելիքներ ևս կան ու իրատեսորեն սպասելի է, որ մոտ ապագայում աշխատատեղեր կբացվեն նաև Տաշիրի ենթաշրջանում՝ պանրարտադրության զարգացմամբ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, այլուր: Լուրջ ուշադրություն է դարձնում նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Երիտասարդ սկսնակ գործարարներին աջակցելու նպատակով Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և միջազգային կառույցների հետ համագործակցությամբ ծրագերեր են իրականացվում՝ հնարավորություն տալով երիտասարդ գործարարներին հիմնել սեփական գործը: Այս ծրագիրը ևս շարունակական է: Որպես մարզի տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ՝ կարևորվում է նաև տուրիզմի զարգացումը, որին ուղղված լուրջ ծրագրեր են իրականացնում Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռհոն Ալպ ռեգիոնների հետ համագործակցությամբ:
Դրական ցուցանիշներ են գրանցվել գյուղատնտեսության մեջ: Այս ոլորտում պետական աջակցությամբ ծրագրեր են իրականացվում, ինչի արդյունքում գյուղատնտեսությունը որոշ առումով դարձել է եկամտաբեր բիզնես: 2014 թվականի ընթացքում պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ ավելի քան 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, ավելացել է գրեթե բոլոր մշակաբույսերի բերքատվությունը, ավելացել է անասնագլխաքանակը:
Մարզի համար կարևոր իրադարձություն էր Լոռու մարզի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը: Այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերեց այն ժամանակ Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների, այժմ արդեն Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ճգնաժամային կառավարման կենտրոնում այժմ աշխատելու հնարավորություն են ստացել նաև հաշմանդամություն ունեցող անձինք:
Այս տարի առաջին անգամ մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի, լրագրողների, հասարակական և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ տարեկան հաշվետվություններով հանդես եկան մարզպետարանի վարչությունները, բաժիններն ու մյուս կառուցվածքային ստորաբաժանումները: Դա պետական հիմնարկի՝ մարզպետարանի, յուրատեսակ հաշվետվությունն էր մարզի բնակչությանն ու հանրությանը:
Դարձյալ մարզպետի հանձնարարությամբ և բուժհիմնարկներում գործող կոորպորատիվ խորհուրդների կանոնակարգի համաձայն՝ հաշվետվություններ տվեցին նաև մարզի բժշկական կենտրոնների տնօրենները: Կատարված աշխատանքների, իրականացված գործունեության մանրամասների նմանօրինակ իրազեկումը դրական արձագանք ստացավ հանրության կողմից, և առաջիկայում ևս մենք շարունակելու ենք պահպանել բաց, թափանցիկ ու մասնակցային ղեկավարմամբ գործելու մեր սկզբունքը,-ասաց Ա. Նալբանդյանը:
-Միայն հետևողական, նպատակային աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք հասնել լուրջ հաջողությունների: Ընթացիկ տարին ևս ունի իր սուր մարտահրավերները, որոնց մեծ մասի մեղմացումը, հիմնախնդիրների մեծ մասի լուծումը մեր միասնական աշխատանքով ու գործունեությամբ է պայմանավորված: Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել և շեշտել միասնականության անհրաժեշտությունը, որը մեզ առավել քան պետք է այս օրերին:
Միասնականություն՝ ներքին լարումները հաղթահարելու, քաղաքական մանր շահեր հետապնդող սադրանքներին տուրք չտալու համար:
Միասնականություն արտաքին ցնցումների ալիքը մեր հանրապետությունում մեղմելու համար, միասնականություն՝ սոցիալական մարտահրավերները հաղթահարելու, հիմնախնդիրները լուծելու գործում:
Վերջապես, միասնականություն՝ որպես հավերժելու և հզորանալու խորհրդանիշ՝ պարզված ի տես ու պատասխան Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
Վստահ եմ, որ այս ուղղություններում մենք լոռեցու պատվախնդրությամբ կգործենք,- ելույթը եզրափակեց Ա. Նալբանդյանը:
Այս տարի մարզպետի հաշվետվությունն առավել հանգամանալից և տպավորիչ ներկայացնելու համար ընտրվել էր մեկ այլ ձևաչափ: Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի «Մարզպետարանի ժամ» հաղորդաշարի ստեղծագործական կազմի ջանքերով տեսաֆիլմ էր պատրաստվել, որտեղ ըստ բնագավառների ներկայացվել էր նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացված աշխատանքներն՝ ըստ բնագավառների:
Նիստի ավարտին խոսք ասաց Արմեն Երիցյանը, ով բավարար գնահատեց մարզում 2014թ. կատարած աշխատանքները: Նա առանձնահատուկ բարձր գնահատականի արժանացրեց Լոռու մարզպետի ջանքերը մարզի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: ՏԿ ԱԻ նախարարը նշեց, որ նոր ձևավորված նախարարության առջև բավականին լուրջ խնդիրներ են դրված, որոնք համայնքների, մարզպետարանների, կառավարության ջանքերով փուլառփուլ լուծում կստանան: Նախարարը վստահեցրեց, որ պարբերաբար լինելու է համայնքներում և անձամբ է ծանոթանալու համայնքային խնդիրներին:
Մարզխորհրդի նիստից հետո Ա. Երիցյանը Լոռու մարզպետի ուղեցությամբ եղավ Վանաձորի բժշկական կենտրոնում: Վերջինիս ծննդաբերական բաժանմունքն, ինչպես հայտնի է, կառուցվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Սկսված է նաև բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքի կառուցումը՝ պետական միջոցներով: 2014թ. այդ նպատակով պետբյուջեից շուրջ 600 մլն դրամ է հատկացվել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24