Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈւԱ Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

18.02.2015

Փետրվարի 18-ին Վանաձորի «Գրին Հաուս» հյուրատանը տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) հարցով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվությամբ հանդես եկավ հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը։ Նա ասաց, որ անցած տարի հանձնաժողովը հրավիրել է 6 նիստ, որոնցից 4-ը՝ արտագնա։ Նիստերը լայնորեն լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներով։
Լոռու մարզպետի կողմից անցած տարի խրախուսվել են ՀՈՒԱ հարցերով զբաղվող հասարակական և այլ կազմակերպություններ ու անհատներ։ Հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 անձինք նպատակային ուղեգրերով իրենց առողջությունն են բարելավել Աղվերանի առողջարաններում։
Մարզային հանձնաժողովը համագործակցության առաջարկ է ստացել «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանից, որը դրական արձագանք է ստացել, և առաջիկայում հանդիպում տեղի կունենա միության ներկայացուցիչների հետ։ Անցած տարի հաշմանդամներին բաշխվել է 47 սայլակ, բավականին քանակությամբ այլ պարագաներ, այդ թվում՝ օրթոպեդիկ կոշիկներ, գուլպաներ, ձեռնափայտ, հենակ, քայլակ, լսողական սարք, ձայնաստեղծ սարք, պրոթեզավորվել է 48 անձ։
«Երուսաղեմի Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի կողմից հաշմանդամներին բաշխվել են տարբեր պարագաներ։ Համագործակցություն է ծավալվել ՀՈՒԱ հարցերով զբաղվող հկ-ների և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ օգնություններ տրամադրելու, կրթական այլ ծրագրեր իրականացնելու նպատակով։
«Սեյվ դը Չիլդրեն» («Փրկե՛ք երեխաներին») միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Լայֆ» ծրագրի 2012-2014 թվականների արդյունքների և ծրագրի հետագա ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրեց «Լայֆ» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան։
Նա նշեց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված 180 հազար 500 հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնցից 400-ը տեղավորվել են ինտեգրված աշխատանքի։ «Լայֆ» ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմաններն և մատչելիությունը։ Այլոց թվում՝ Վանաձոր և Սպիտակ քաղաքներում նույնպես նախատեսված է ստեղծել սոցիալ-արտադրական ձեռնարկություններ, որոնց աշխատավարձի մի մասը կվճարեն այդ քաղաքների զբաղվածության կենտրոնները։ Տարբեր ծրագրերի իրականացման համար ՀՈՒԱ հարցերով զբաղվող հկ-ներին կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ։
«Լիարժեք կյանք» լրատուի հայտարարած «Հաջողության պատմություն» լրագրողական հրապարակումների մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփեց լրատուի խմբագիր և համանուն հկ-ի նախագահ Սուրեն Մաղաքյանը։ Հաղթող է ճանաչվել «Արմենիա նաու» էլեկտրոնային կայքի լրագրող Գայանե Մկրտչյանը։ Նշվեց նաև, որ «Հավասար հնարավորություններ» համահայկական մրցույթի «Հեռուստատեսություն» անվանակարգում «Սպիտակ բազե» հկ-ի նախագահ Մարինե Ասատրյանի աշխատանքային գործունեության մասին պատրաստած տեսանյութի համար գլխավոր մրցանակի է արժանացել «Սիվիլնեթ» էլեկտրոնային կայքի լրագրող Արման Սուլեյմանյանը։
«Էբրիկոտ» ընկերության ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը տեղեկացրեց, որ կազմակերպվում են արծաթագործություն և ոսկերչություն ուսուցանող դասընթացներ, որոնցում կարող են ընդգրկվել նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ։
Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը տեղեկացրեց, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվելու է կաթիլային ջերմոց, որտեղ կաշխատեն նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Վ. Ջաղինյանը ներկայացրեց ՀՈՒԱ սոցիալական պաշտպանության 2015 թ. Լոռու մարզային ծրագրի նախագիծը, որը հաստատվեց միաձայն քվեարկությամբ։
Ամփոփելով նիստը՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ հիմնավորված առաջարկությունների դեպքում ծրագրի մեջ կարվեն լրացումներ։ Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը տրամադրել է «Գանձասար» առողջարանում բուժվելու և հանգստանալու 18 ուղեգիր, որոնք կտրամադրվեն Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24