Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լոռվա ձմեռ» մարզատոնահանդեսը նշվեց 45-րդ անգամ
16.02.2015
Փետրվարի 14-ին Լոռու բնաշխարհի տեսարժան և գեղատեսիլ վայրերից մեկում՝ Թեժ լեռան հովտում, համախմբվել էին հարյուրավոր մարզասերներ, ովքեր ժամանել էին Վանաձորից և հարակից բնակավայրերից։ Մասնակիցների թվում կային նաև զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։ Մարզատոնահանդեսի վարող, դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը բացման խոսքում հակիրճ ներկայացրեց տոնի պատմությունը։ Ներկաներին ողջունեց և բացման հանդիսավոր արարողությունն ազդարարեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետեր Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը, մարզային և քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, սպորտի երախտավորներ, հյուրեր։ Միջոցառման ջահը դահուկորդ Արման Մատինյանը հանձնեց սամբիստ, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին, ով կատարեց ջահի վառման արարողությունը։ Տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներին զուգահեռ բեմահարթակում երաժշտական կատարումներով հանդես եկան «Հորովել» երգի-պարի համույթի, «Երգի թատրոնի», «Ուրախ արագիլ» կազմակերպության և պարային տարբեր խմբերի ներկայացուցիչները։ Հաղթողները, ակտիվ մասնակիցներն արժանացան պատվոգրերի և մրցանակների։