Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին

10.02.2015

Փետրվարի 9-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Լոռու մարզային հանձնաժողովի անդրանիկ ընդլայնված նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Հանձնաժողովի կազմում են Գուգարաց թեմի առաջնորդը, Լոռու մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, քաղաքային համայնքների ղեկավարներ, բուհերի ռեկտորներ, պատմաբաններ, մշակույթի աշխատողներ, այլք։
Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել մարզի համայնքներից, ուսումնական հաստատություններից և մշակույթի օջախներից ստացված առաջարկությունները և հնարավոր ամեն ինչ պետք է արվի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
Միջոցառումների ծրագրի նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի անդամ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը։ Սկսած մարտ ամսից մինչև ապրիլի 24-ը տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ։ Մարզի դպրոցների 9-12-րդ դասարաններում կկազմակերպվեն շարադրությունների մրցույթներ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, թատերականացված բեմադրություններ, նկարչական, ասմունքի մրցույթներ, բաց դասեր, դասախոսություններ։ Մարզի քաղաքներում ապրիլի 23-ին կկազմակերպվեն ջահերով քայլերթեր դեպի տեղի եկեղեցիներ։
Վանաձորում, Ստեփանավանում և Ալավերդում հանդիսատեսին կներկայացվի Է. Հիլվենհարթի «Վերջին մտքի հեքիաթը» ներկայացումը՝ հայոց եղեռնի թեմայով։ Ոգեկոչման համերգներ տեղի կունենան մարզի քաղաքային համայնքներում, գրական միջոցառումներ՝ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգում, Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, թեմատիկ ցուցահանդեսներ՝ գեղարվեստի դպրոցում, կերպարվեստի թանգարանում։ Վանաձորում կկազմակերպվեն նաև վավերագրական ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում, Վանաձորի պետական համալսարանում։ ՎՊՀ-ում տեղի կունենան նաև գիտաժողովներ և գիտական ընթերցումներ։ Վանաձորում, Սպիտակ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում մի շարք միջոցառումներ տեղի կունենան նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում: Նշյալ, ինչպես նաև Տաշիր, Թումանյան, Շամլուղ, Օձուն, Դսեղ, Մարգահովիտ, Շահումյան համայնքներում տեղի կունենան հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ։
Ծրագիրը ներկայացնելուց հետո առաջարկություններով հանդես եկան Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու փոխմարզպետեր Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, պատմաբան Յուրա Ղուլյանը և ուրիշներ։
Մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ հնչած բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն, և հաջորդ նիստին կներկայացվի ծրագրի լրամշակված տարբերակը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55