Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն աշխատանքային այցով Սպիտակում էր

04.02.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի տարեսկզբյան արտագնա խորհրդակցությունների շարքն ամփոփվեց փերտրվարի 3-ին. նա աշխատանքային այցով եղավ Սպիտակ քաղաքում: Մարզի ղեկավարին ուղեկցում էին փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:
Արթուր Նալբանդյանը նախ քաղաքացիների ընդունելություն կատարեց Սպիտակի քաղաքապետարանում: Մարզի ղեկավարին սոցիալական խնդիրներով դիմեց 4 բնակիչ: Դիմող քաղաքացիների ընտանիքները հիմնականում բազմազավակ էին, նրանք առաջադրում էին բնակարանային պայմանների բարելավման խնդիր, ունեին ֆինանսական աջակցության կարիք: Մարզպետը խոստացավ նրանց հնարավորինս աջակցել այդ հարցերում:
Խորհրդակցություն անցկացվեց Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքն էր, գյուղատնտեսությանը առնչվող հարցերի քննարկումը: Այս տարածաշրջանում ևս հողի հարկի հավաքագրումը մտահոգիչ է: Հունվար ամսվա կատարողականը պլանի դիմաց կազմել է 88 տոկոս, թեև կան համայնքներ, որտեղ մեկ ամսվա ընթացքում հողի հարկի գծով ընդհանրապես մուտք չի եղել: Կան նաև համայնքներ, օրինակ՝ Լենանացքը, Ղուրսալին, Սարալանջը, Գեղասարը և այլն, որտեղ հողի հարկի հավքագրումը կազմել է մինչև 50 տոկոս: Մարզի ղեկավարը պահանջեց ամենօրյա հետևողական աշխատանք տանել՝ աշխատելով ոչ միայն բնակչության 25-30 տոկոսի հետ, ինչպես ցույց են տվել ՀՀ Տարածքային կառավարման նախարարության նախորդ տարի կատարած ուսումնասիրությունների արդյունքները, այլ ամբողջ համայնքի՝ ապահովելով ոչ պակաս, քան 100 տոկոս հավաքագրում: Նա առաջարկեց պարտքերի մասին բնակիչներին իրազեկել ծանուցագրերի միջոցով:
Անդրադարձ կատարվեց նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքներին: Մարզպետը նշեց, որ պետական աջակցությունը՝ մատչելի գներով դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի տրամադրման տեսքով, չի ուշանա: Պարտադիր պայման է, սակայն, որ համայնքներն իրացնեն հայտերի հիման վրա տրամադրված ողջ պահանջարկը:
Օրվա երկրորդ կեսին մարզպետը ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենի հաշվետվությանը: Մարզպետի հանձնարարությամբ, ինչպես նաև բժշկական կենտրոններում գործող կոորպորատիվ խորհուրդների կանոնակարգի համաձայն՝ այսուհետ մարզի բժշկական կենտրոնների տնօրենները ևս հանդես կգան տարեկան հաշվետվություններով: Հաշվետվությանը ներկա էին բուժհաստատության անձնակազմը և քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը ներկայացրեց մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ձեռքբերումները և բացթողումները: Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ սպասարկվող ազգաբնակչության թիվն ավելացել է շուրջ 300-ով, շտապբուժօգնության կանչերը և ծնունդների թիվը՝ ևս, այսուամենայնիվ, 2013թ. համեմատությամբ շուրջ 20 տոկոսով նվազել են վճարովի ծառայություններն, ինչն, ըստ տնօրենի, պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Բուժհաստատության համար՝ որպես ձեռքբերումներ, Ա. Մկրտչյանն առանձնացրեց վերանորոգման որոշ աշխատանքների իրականացումը, նոր սարքավորումների ձեռքբերումը և այլն, իսկ որպես խնդիրներ՝ մատնանշեց նեղ մասնագետների անհրաժեշտությունը, որոշ սարքավորումների պակասը: Նա առաջնային համարեց նաև Շենավանի բուժմանկաբարձական կետի շենքային պայմանների բարելավումը:
Ամփոփելով ներակայացված հաշվետվությունը՝ մարզպետն անընդունելի համարեց վճարովի ծառայությունների նվազումը՝ նշելով, որ պատճառների բացահայտման ուղղությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայում ուսումնասիրություններ է կատարում: Նա կարևորեց նաև բժշկական կենտրոնում առողջ մթնոլորտի ապահովումը, բժիշկ-հիվանդ հարաբերությունները, պարբերաբար անցկացվող վերապատրաստման դասընթացներին բուժանձնակազմի պարտաճանաչ մասնակցությունը:
Բուժհաստատության 2014թ. գործունեությունը մարզպետը գնահատեց
բավարար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17