Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր մոտեցումներ առողջապահական համակարգի նկատմամբ

03.02.2015

Փետրվարի 2-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ անցկացվեց 2015թ. առաջին գործակարգավարական խորհրդակցությունը՝ նվիրված ոլորտի նոր աշխատանքային տարվա ծրագրերին, հրատապ խնդիրներին:
Մարզպետ Ա. Նալբանդյանը, ներկաներին հակիրճ ծանոթացնելով տարածքային կառավարման համակարգում իրականացվող վերափոխումներին, նոր պայմաններում առողջապահության համակարգի առջև ծառացած խնդիրներին, բուժաշխատողներին հորդորեց խորհրդակցությունն անցկացնել մտքերի անկեղծ արտահայտման մթնոլորտում՝ հիմնախնդիրների լուծման նկատմամբ ցուցաբերելով նոր մոտեցումներ:
Մարզի առողջապահության ոլորտի 2015թ. հիմնախնդիրների մասին ծավալուն խոսք ասաց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Մատնանշելով բուժաշխատողների անփութության հետևանքով Քաջարանի հիվանդանացում հեպատիտ C հիվանդության բռնկման միջադեպը, նա բուժաշխատողներին մեկ անգամ ևս զգոնության, պատասխանատվության կոչ արեց նման երևույթը մեր մարզում բացառելու համար: Նա մասնավորապես պահանջեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել դեռահասների ու պատանիների պատվաստումների անթերի կատարման գործընթացը, նշելով, որ մանկական պատվաստումների ցուցանիշը մարզում հեռու է բավարար լինելուց: Ներգրավվածության առումով այն չպետք է ցածր լինի 90 տոկոսից, մինչդեռ ցուցանիշները ցածր են մարզի բոլոր տարածաշրջաններում: Ըստ վարչության պետի, արդարացում չեն կարող լինել մի քանի տնօրենների այն փաստարկները, թե ծնողներից ոմանք հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստման ուղարկել: Բարձր գնահատելով նախազորակոչային տարիքի պատանիներին պետպատվերի շրջանակներում այսուհետ պարտադիր պատվաստումների ենթարկելու ՀՀ առողջապահության, ԳԿ և Պաշտպանության նախարարությունների համատեղ նախաձեռնությունը՝ Ա.Լամբարյանը պահանջեց առանձնահատուկ հետևողականություն ցուցաբերել:
Մարզպետը և վարչության պետը անընդունելի համարեցին այն բուժհաստատությունների ղեկավարների աշխատաոճը, որոնք թերանում են բուժսպասարկման ընդհանուր ծավալում վճարովի ծառայությունների պլանային մակարդակը ապահովելու հարցում: Առաջընթաց ունենալու փոխարեն, 2013 թվականի համեմատ անցած տարում 20 մլն դրամով նվազել է վճարովի ծառայությունների ցուցանիշը:
-Անտրամաբանական է կարծել, որ Լոռու մարզի ազգաբնակչությունը ամենաանվճարունակն է մնացած մարզերի համեմատությամբ,- ասաց մարզպետը՝ պահանջելով լուրջ հետևություններ անել:
Որպես եկամուտներն ավելացնելու խթանիչ հանգամանք, տեղեկացվեց, որ ընթացիկ տարվանից բուժհաստատություններին հնարավորություն է ընձեռվել կանխարգելիչ բուժծառայություններ մատուցել սոցիալական ապահովագրության փաթեթի շահառուներին: Ա.Լամբարյանը բոլոր բուժհիմնարկների տնօրեններին հանձնարարեց այդուհետ ձեռնամուխ լինել շահառուների լիարժեք ու համակողմանի սպասարկումն ապահովելու գործին: Եթե տվյալ բուժհաստատությունը չունի որևէ բուժծառայություն իրականացնելու հնարավորություն, ապա պարտավոր է օպերատիվ կարգով պայմանագիր կնքել այլ բուժհիմնարկների հետ՝ իր շահառուի հետազոտությունն իրականացնելու համար:
Հանձնարարականներ տրվեցին նաև Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի կողմից ոչ վարակիչ հիվանդությունների ու արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ու կանխարգելման՝ փետրվար ամսից իրականացվող գործընթացը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար:
Անդրադարձ եղավ նաև Վանաձորի թիվ 4 համաբուժարանի շուրջ ծավալված խոսակցություններին: Մարզպետը պարզաբանեց, որ տարիներ շարունակ ֆինանսապես իրեն չարդարացնող այդ հիմնարկի օպտիմալացումն անխուսափելի է, և համաբուժարանը պետք է միավորվի մեկ այլ կենսունակ բուժհաստատության հետ: Դրանից չի տուժելու ոչ միայն համաբուժարանի բուժանձնակազմն, այլև սպասարկվող թաղամասի ազգաբնակչությունը, ընդհակառակն, ավելի է բարելավվելու մարդկանց սպասարկման որակը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը մեկ անգամ ևս շեշտեց բուժհիմնարկներում պատշաճ աշխատանքային ու ֆինանսական կարգապահություն հաստատելու հարցը, ասելով, որ այսուհետ, ինչպես Առողջապահության նախարարության, այնպես է մարզպետարանի կողմից լինելու են անսպասելի այցելություններ, աուդիտորական ուսումնասիրություններ:
Խորհրդակցության ավարտին բուժհիմնարկների տնօրենները աշխատանքային այլևայլ գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր ուղղեցին Ս.Լամբարյանին, ստացան սպառիչ պատասխաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24