Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքներում անասնապահության զարգացման հնարավորություն

30.01.2015

Տարեսկզբից մեկնարկեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Համայնքների գյուղատնտեսության ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը: Ծրագրում ընդգրկվելու են մարզերի լեռնային ու սահմանամերձ այն 100 համայնքները, որոնք ունեն անասնապահական ուղղվածություն, որտեղ անասնապահությունը հանդիսանում է ապրուստի հիմնական միջոցը: Մեծապես կարևորվում է նաև այն հանգամանքը, թե տվյալ համայնքը որքանով է շահագրգիռ բարելավելու սեփական արոտավայրերը, ավելացնելու անասնապահական մթերքների ծավալները, տեղերում ցանկություն ունե՞ն, ունա՞կ են ստեղծելու կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքների արտադրության արդյունավետ համակարգ, որը կառավարվելու է համայնքներում ստեղծված արոտօգտագործողների միավորումների կողմից: Այս հարցերը տեղերում պարզաբանելու նպատակով Լոռու մարզպետարանը ևս կազմավորել է հանձնաժողով, որի անդամներն այս օրերին այցելում են գյուղեր, համայնքների ղեկավարներին ու բնակիչներին մանրամասն ծանոթացնում ծրագրին, ակնկալվող բարեփոխումներին: Հանձնաժողովին հետաքրքրում է ամենակարևոր հարցը՝ տեղերում ինչպե՞ս են վերաբերվում առաջարկվող ծրագրին, պատրա՞տ են ստեղծել միավորումներ ու լծվել բարեփոխումների իրագործմանը:
Հունվարի 29-ին հանձնաժողովի հերթական այցելությունը Լերմոնտովո, Ֆիոլետովո և Մարգահովիտ գյուղերում էր: Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, ՀՀ գյուղնախարարության գյուղական ծրագրերի իրագործման գրասենյակի Լոռու մարզի համակարգող Անդրանիկ Կարապետյանը ներկաներին մանրակրկիտ ծանոթացրեցին ծրագրին, լսելով մարդկանց՝ ճշգրտեցին նրանց ցանկությունները, հնարավորությունները, առաջարկեցին օգտվել եզակի հնարավորությունից, ստեղծել միավորումներ, դառնալ ծրագրի շահառուներ: Նրանք բերեցին ծրագրի առաջին փուլի մասնակից համայնքների օրինակը. Մոտկորի ենթաշրջանի բոլոր գյուղերն արդեն մեկ տարի իրագործում են ծրագիրը, փոփոխություններն այսօր իսկ ակնառու են. արոտներ են ջրարբիացվել, նորոգվել են հեռագնա արոտներ տանող ճանապարհները, փարախները, հովիվների կացարանները, ձեռք է բերվել գյուտեղնիկա և գյուղգործիքներ, արևային մարտկոցներ: Կազմակերպվել են կոոպերատիվների կայունացման, արոտավայրերի արդյունավետ կառավարման, բնապահպանական ռիսկերի մեղմման դասընթացներ, որոնց շնորհիվ համայնքներում բարձրացել է անասնապահության արդյունավետությունը, ավելացել կուտակվող անասնակերի քանակը, բարելավվել են գյուղամերձ և հեռագնա դեգրադացված արոտավայրերը: Եվ իհարկե, որպես արդյունք, ավելացել են համայնքային բյուջեի մուտքերը, գյուղական տնտեսությունների եկամուտները: Ընդգծեցին, որ ստեղծված միավորումները մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում, նրանց օգնություն կցուցաբերվի, տեղերում մշակված ծրագրերը կֆինանսավորվեն, 300-400 հազար դոլարի սահմաններում: Ծրագիրը տրամադրելու է գումարի 95 տոկոսը, իսկ շահառու համայնքը՝ 5 տոկոսը (գյուղտեխնիկայի դեպքում, համապատասխանաբար՝ 80 և 20տոկոս):
Նրանք նաև պատասխանեցին գյուղացիներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Համայնքների բնակիչներին հնարավորություն տրվեց հանգամանալից ծանոթանալ ծրագրին, համաձայնության դեպքում՝ հայց ներկայացնել: Այդ հայցերի հիման վրա էլ մարզպետարանը ցանկացողների ցուցակը կտրամադրի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Հանձնաժողովի անդամները մինչ այժմ այցելել են 11 համայնք: Իրազեկումը շարունակվում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24