Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փնջային խորհրդակցություն Թումանյանի տարածաշրջանում

27.01.2015

Անցած տարի Տարածքային կառավարման նախարարության կողմից Լոռու մարզի 37 համայնքում իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվեց, որ համայնքների ղեկավարների գերակշիռ մասը հարկերի հավաքագրման գործընթացում աշխատում է բնակչության ընդամենը 20-25 տոկոսի հետ: Իսկ ու՞ր են մնացյալ հարկատուները:
Ամեն անգամ մարզի տարբեր տարածաշրջաններում անցկացրած արտագնա փնջային խորհրդակցություններում այս հարցն է բարձրացնում մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզպետը նույն մտահոգությունն արտահայտեց Ալավերդիում՝ Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Անուն առ անուն նա թվարկեց այն համայնքները, որտեղ հարկերի հավաքագրման գործընթացում առավել ցածր է բնակչության ներգրավվածության տոկոսը:Դրանց թվում են Աքորին (24%), Շամլուղը (25%), Ալավերդին(35%), Մեծ Այրումը(43%), Թեղուտը(46%), Դսեղը և Օձունը(48%), Ճոճկանը(50%):
Մարզի ղեկավարը անհանդուրժելի համարեց հարկատուի կողմից տարիներով ապառքի կուտակումը, դա համարելով տվյալ համայնքի ղեկավարի անհետևողական, անպատասխանատու աշխատանքի հետևանք:
-Ոչ մի հարկատու արտոնյալ չէ, բոլորը պետք է իմանան, որ օրենքի պահանջների կատարումը համընդհանուր պարտականություն է, անկախ՝ անձի կարգավիճակից: Հարկատուի հետ պետք է աշխատել ամեն ամիս, այլապես՝ նա ետ է վարժվում հարկերը ժամանակին վճարելու պարտավորության զգացումից, իսկ իրավիճակը վկայում է, որ մեր համայնքների զգալի մասում այս գործելակերպն է իշխում,- շեշտեց մարզպետը, անհիմն համարելով որոշ համայնքների ղեկավարների այն պատճառաբանությունը, թե բնակչությունն անվճարունակ է:
-Դուք համոզված ե՞ք, որ լոռեցին առավել աղքատ ու անապահով է, քան Շիրակի կամ Արագածոտնի մարզերի բնակիչները, որոնք հողի հարկի վճարման ցուցանիշներով գերազանցում են մեզ,- հավաքվածներին դիմեց մարզպետը, համոզմունք հայտնելով, որ հողի հարկի գումարներն այնքան էլ ծանր չեն, և ամենամսյա մուծումների դեպքում կուտակումներ ու հետագա դժվարություններ չեն առաջանա:
Մարզպետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ հարկերի հավաքագրումը համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է և այս հարցում պատճառաբանություններն ու խուսանավումները նրա օգտին չեն խոսում: Նա, ի գիտություն բոլորի, հայտարարեց, որ ՏԻ ԱԻ նախարարի հանձնարարությամբ մարզի մնացյալ համայնքներում նմանատիպ մշտադիտարկում պետք է անցկացնեն մարզպետարանները՝ համայնքների ղեկավարների աշխատանքի որակի վերաբերյալ համապատասխան եզրահանգումներով:
Խորհրդակցությանը հերթական անգամ կարևորվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքներին պատշաճ նախապատրաստվելու անհրաժեշտությունը, իսկ վաղօրոք հայտագրած օրգանական պարարտանյութերը, սերմացուն ու դիզվառելանյութը պետք է ստանալ անմնացորդ, ամբողջ քանակությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24