Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը

27.01.2015

Լոռու մարզպետի պահանջով այսուհետ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով հանդես են գալիս նաև մարզի բժշկական կենտրոնների տնօրենները: Նրանք մարզի ղեկավարին, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներին, բժշկական կենտրոնի կոորպորատիվ խորհրդին և բուժանձնակազմին տեղեկատվություն են ներկայացնում տարվա ընթացքում կատարված աշխատանքների, բացթողումների, խնդիրների և ծրագրերի վերաբերյալ: Հաշվետվություններով արդեն իսկ հանդես են եկել Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու բժշկական կենտրոնները:
Հունվարի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը լսեցին Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանի հաշվետվությանը: Բժիշկը, բուժհաստատության տնօրենի պաշտոնը ստանձնել է նախորդ տարվա երկրորդ կեսին՝ բուժհիմնարկի զարգացման համար կարևոր նախադրյալներ համարելով աշխատանքային պայմանների բարելավումը, կադրային քաղաքականության իրականացումը՝ բժշկական կենտրոնի համալրումը նոր մասնագետներով ու բժշակական նորագույն սարքավորումներով, կառավարման և վարձատրության միասնական համակարգի ներդրումը, աշխատանքային մթնոլորտի բարելավումը: Նշված բոլոր ուղղություններով, ըստ Վ. Աբովյանի, զգալի աշխատանքներ են կատարվել. վերանորոգման և բարեկարգման մի շարք աշխատանքներ են իրականացվել, բուժհաստատությունը համալրվել է նոր մասնագետներով, թեև այս խնդիրը որոշ առումով դեռևս բաց է մնում, բժիշկներն ու բուժքույրերն անցել են վերապատրաստման դասընթացներ, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ արտերկրում: Ձեռք են բերվել բժշկական նոր, արժեքավոր սարքավորումներ բուժհիմնարկի, միջազգային կառույցների ու անհատ բարերարների միջոցներով, մարզպետարանի աջակցությամբ: Կառավարման և վարձատրության միասնական համակարգի ներդրման շնորհիվ նաև կարևորվել են միջոցների խնայողությունը և կատարվող ներդրումների արդյունավետությունը: Աշխատանքային մթնոլորտի առողջացմանն են ուղղված պարբերաբար կազմակերպվող սպորտային և մշակութային միջոցառումները: Նշված բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են:
Արթուր Նալբանդյանն, ամփոփելով բժշկական կենտրոնի աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը՝ նկատեց, որ թեև նախորդ տարում 2013թ. համեմատությամբ հիվանդների թիվն ավելացել է շուրջ 500-ով (10.273) և 2014թ.-ին 32-ով ավելի երեխա է ծնվել (1567), սակայն վճարովի ծառայությունները նվազել են շուրջ 20 մլն դրամով, ինչն, ըստ նրա, անընդունելի ցուցանիշ է:
-Առողջապահության նախարարության ու նաև Լոռու մարզպետարանի պահանջն է բուժհիմնարկներից՝ տարեցտարի ավելացնել վճարովի ծառայությունների ցուցանիշը: Դրա համար բուժհիմնարկներին տրված են լայն հնարավորություններ: Վճարովի ծառայությունների նվազումն ինքնին ստիպում է ենթադրություններ անել կոռուպցիոն ռիսկերի առկայության վերաբերյալ, ինչը մեզ համար անընդունելի է,- ասաց մարզի ղեկավարը: Նա Ս. Լամբարյանին հանձնարարեց ուսումնասիություններ կատարել մարզի բժշկական կենտրոններում՝ վճարովի ծառայություների նվազման պատճառները պարզելու նպատակով:
Մարզպետը բուժանձնակազմին տեղեկացրեց, որ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի մասնաշենքը, որը կառուցվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, շուտով շահագործման կհանձնվի: Նախորդ տարվանից սկսված է նաև կենտրոնի հիմնական մասնաշենքի շինարարությունը: Պետբյուջեից այդ նպատակով 2014թ. հատկացվել է շուրջ 600 մլն դրամ, այս տարի նախատեսվել է հատկացնել 95 մլն դրամ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2016թ.-ին:
Մարզպետը բուժհաստատության տնօրենի հաշվետվությունը գնահատեց բավարար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24