Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր հեռանկարներ զբոսաշրջության ոլորտում

26.01.2015

Հունվարի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և մարզպետարանի մի քանի վարչությունների ու բաժինների պետեր աշխատանքային այցով Ալավերդիում էին: Օրվա ընթացքում նախատեսվում էր «Լոռի» զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և «Թումանյան աշխարհ» միջհամայնքային զբոսաշրջային գրասենյակի հաշվետվություններ, եկամուտների հավաքագրմանը նվիրված համայնքների ղեկավարների տարածաշրջանային խորհրդակցություն, քաղաքացիների ընդունելություն: Աշխատանքային օրվա ավարտին լսվեց Ալավերդու բժշկական կենտրոնի 2014թ. տարեկան հաշվետվությունը:
Մարզպետն ու ուղեկցող անձինք նախ այցելեցին «Թումանյան աշխարհ» միջհամայնքային զբոսաշրջային նորաբաց գրասենյակ, ուր հիմնանորոգման աշխատանքներ էին կատարվել, զրուցեցին գրասենյակի տնօրեն Քրիստինե Երիցյանի հետ: Ապա՝ Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ նվիրված «Լոռի» զբոսաշրջային հիմնադրամի և «Թումանյան աշխարհ» կենտրոնի հաշվետվություններին: Նիստը վարում էր և օրակարգային հարցերին ծանոթացրեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Ասլանյանը զեկուցեց 2014թ. ֆինանսական մուտքերի և կատարված ծախսերի մասին: Ասվեց, որ հիմնադրամի անդամ 7 համայնքները՝ Ալավերդին, Ախթալան, Արդվին, Դսեղը, Հաղպատն ու Օձունն անթերի կատարել են անդամավճարային պարտականությունները, իսկ «Վալլեքս խումբն» իր հերթին 1 մլն դրամի ներդրում է արել: Ընդհանուր առմամբ ֆինանսական մուտքերը կազմել է 3մլն 660 հազար դրամ, որից 2մլն 667 հազար դրամը հատկացվել է աշխատավարձի վճարմանը, հեռակապի և զանազան տնտեսական ծախսերին:
Օրակարգի հաջորդ կետով լսվեց «Լոռի» զբոսաշրջության զարգացման հիմնադրամի «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի տնօրեն Քրիստինե Երիցյանի հաշվետվությունը 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ: Նա գոհունակությամբ նշեց, որ եթե նախորդ նիստին կարող էին խոսել ընդամենը պլանների ու ծրագրերի մասին, ապա այժմ ասելիք ունեն արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ: Առաջին կարևոր ձեռքբերումն, ըստ նրա, ժամանակակից պահանջները բավարարող, ինքնատիպ ձևավորումով և 5000 տպաքանակով «Զբոսաշրջիկի ուղեցույց» քառալեզու գրքույկի հրատարակումն է: Այն կտարածվի ոչ միայն Լոռու մարզի, այլև հանրապետության առաջատար տուրօպերատորների շրջանում, հյուրանոցներում, սոցիալական կայքերում, հեռուստատեսությամբ և այլն: Գրքույկը զբոսաշրջիկի համար կարևորագույն տեղեկատվություն է պարունակում Թումանյանի տարածաշրջանի թանգարանների, պատմաճարտարապետական հուշարձանների, մշակութային օջախների, հյուրանոցների ու հյուրատների, տուրիստական երթուղիների, մարզում ավանդաբար անցկացվող փառատոների, սպասարկման ծառայությունների և այլնի մասին, որոնք ժամանակակից զբոսաշրջության խթանման կարևոր բաղադրիչն են:
Հաջորդ հիշատակելի աշխատանքը բավականին դիտարժան ինտերնետային կայքէջի ստեղծումն է, որը Լոռու մարզում զբոսաշրջության գովազդի անփոխարինելի միջոց է: Ի դեպ, տեխնիկական պայմաններ են ստեղծվել կայքէջին բջջային հեռախոսով, կամ այփադով միանալու համար:
Ք.Երիցյանը նաև զեկուցեց, որ ավարտել են նաև զբոսավարների վերապատրաստման առաջին փուլը և 10 զբոսավարներ արդեն իսկ պատրաստ են երեք լեզուներով լիարժեք ծառայություն մատուցելու արտերկրի զբոսաշրջիկներին: Իսկ վերջերս կազմակերպվեց հանրապետության տարբեր տուրօպերատորների երեքօրյա այց Լոռու մարզ, որի ընթացքում նրանք հաղորդակից դարձան տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորություններին, և դատելով արձագանքներից, ետ են վերադարձել բավականին դրական տպավորություններով: Գրասենյակի տնօրենի համոզմամբ, եթե իրենք տուրօպերատորներին եռօրյա կամ քառօրյա սպասարկման որակյալ փաթեթներ ներկայացնեն, նրանք անպայման կգնեն դրանք:
Ունկնդրելով զեկուցումները, մարզպետ Ա. Նալբանդյանը իր գոհունակությունն արտահայտեց կատարված աշխատանքների վերաբերյալ, հավելելով, որ 2015թ. հուլիսին ֆրանսիական ՊԱԿԱ ռեգիոնի ղեկավար Միշել Վոզելի սպասվելիք այցի ժամանակ ստորագրվելիք հուշագրում առանձնահատուկ տեղ է տրվելու Լոռու մարզում ինչպես անասնապահության զարգացմանը, այնպես էլ զբոսաշրջության խթանմանը նվիրված փոխհամագործակցությանը:
Նա նաև համայնքների ղեկավարներին հորդորեց իրենց համայնքներում կատարված ցանկացած հետաքրքիր նորության, իրադարձության, առաջիկայում տեղի ունենալիք կարևորություն ներկայացնող միջոցառման մասին անպայմանորեն տեղյակ պահել գրասենյակի տնօրենին՝ կայքէջում լրացումներ կատարելու համար:
Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց «Լոռի» զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի և «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի տնօրենի հաշվետվությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24