Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

26.01.2015

Հունվարի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթաքում ստացվել է 12 ահազանգ, որից 4-ը հրդեհի դեպքեր են եղել, գրանցվել է 2 տրանսպորտային պատահար՝ 1 տուժածով: Եղել են նաև կենցաղային, թունավորման և այլ դեպքեր: Ա. Չատինյանը տեղեկացրեց նաև, որ մարզում անանցանելի ճանապարհներ չկան:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը տեղեկացրեց, որ հանրապետական գանձապետական համակարգչային ծրագրի հետ կապված խնդիրներ են առաջացել, ուստի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների մեջ անճշտություններ կան: Նա նշեց, որ առաջիկայում խնդիրը կհարթվի և թվերը կհստակեցվեն: Այդուհանդերձ, վարչության պետը ներկայացրեց գույքահարկի և հողի հարկի հավաքագրման ցուցանիշները հունվարի 23-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ, հողի հարկի պլանը կատարվել է ընդամենը 56,2 տոկոսով, իսկ գույքահարկի պլանը նույնիսկ գերակատարվել է 32,5 տոկոսով: Մարզի ղեկավարը դարձյալ իր դժգոհությունը հայտնեց հողի հարկի հավաքագրման տեմպերից՝ նշելով, որ տարվա մեկնարկն այս առումով դարձյալ բացասական ցուցանիշով է տրված, ինչը կարող է ենթադրել նույնքան տխուր ավարտ, ուստի փոխմարզպետներին ու համապատասխան վարչությունների պետերին հանձնարարեց հետևողական աշխատանքներ իրականացնել: Հրայր Պապոյանը տեղեկացրեց նաև, որ սոցիալական փաթեթի հետ կապված այս տարի փոփոխություններ են կատարվել կառավարության համապատասխան որոշման մեջ, որի համաձայն, սոցիալական փաթեթով նախատեսված գումարից 8 հազար դրամը նախատեսվում է թաղամասային համաբուժարաններում պարտադիր բուժզննում անցնելու համար: Չօգտագործելու դեպքում սոցփաթեթից օգտվող քաղաքացին հնարավորություն չի ունենա օգտվելու գումարի մյուս մասից, իսկ հետագայում կզրկվի նաև սոցփաթեթի շահառու լինելու հանարավորությունից:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչութան պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ սոցփաթեթով նախատեսված պարտադիր բուժզննումը Վանաձորի շահառուները կարող են անցնել թիվ 1, 2, 3 և 5 համաբուժարաններում, մյուս տարածաշրջանների շահառուները՝ տարածաշրջանային համաբուժարաններում: Նա տեղեկացրեց նաև, որ Վանաձորի թիվ 4 համաբուժարանի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն, որ 16 հազար բնակչություն սպասարկող համաբուժարանը վերջին 7 տարիների ընթաքում աշխատել է վնասով, չունի անհրաժեշտ թվով նեղ մասնագետներ, համապատասխան տեխնիկական պայմաններ բնակչությանը պատշաճ կերպով սպասարկելու համար, Ս. Լամբարյանը մարզպետին առաջարկեց կառավարությանը ներկայացնել համաբուժարանի օպտիմալացման հարցը: Ա. Նալբանդյանը վարչության պետին հանձնարարեց համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ հանգամանորեն ուսումնասիրել հարցը, ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումը՝ առաջնային համարելով բնակչության շահը:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ միջոցառումներ կկազմակերպվեն բոլոր դպրոցներում: Մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարեց ներկա գտնվել միջոցառումներին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանն անդրադարձավ ոլորտին առնչվող մի շարք խնդիրների: Մարզպետը հիշեցրեց, որ պետական աջակցությամբ տրվող դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի խմբաքանակները մարզ կներկրվեն ներկայացված հայտերի քանակությանը համապատասխան, և դրանք պետք է ամբողջությամբ իրացվեն:
Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս ներկայացրին կատարված ընթացիկ աշխատանքները, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59