Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հողի հարկերի վերաբերյալ հարկատուները ծանուցագրեր կստանան

26.01.2015

Հունվարի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, մի շարք վարչությունների պետեր, մարզպետարանի աշխատակիցներ: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Ա. Նալբանդյանը նշեց, որ նոր նախարարության ձևավորմամբ և նախարարի նշանակմամբ պայմանավորված՝ փոխվել են նաև պահանջներն աշխատանքի նկատմամբ, ուստի համայնքների ղեկավարներին հորդորեց աշխատել ամենայն պատասխանատվությամբ, պատշաճ կերպով և հստակ ժամկետներում կատարել հանձնարարականնները:
Մարզի ղեկավարն անդրադարձավ 2015թ. եկամուտների հավաքագրման գործընթացի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը: Նա նշեց, որ ամբողջ մարզի համար շարունակում է ցավոտ խնդիր մնալ հողի հարկի հավաքագրման մակարդակը: Նախորդ տարի սահմանված պլանի դիմաց 40 մլն դրամ, իսկ 2013թ. համեմատությամբ՝ 17 մլն. դրամ պակաս հողի հարկ է հավաքագրվել, ինչն, ըստ մարզի ղեկավարի, անընդունելի ցուցանիշ է: Պատճառները հստակեցնելու համար մարզի 37 համայնքներում ուսումնասիրություններ է կատարել ՏԿ և ԱԻ նախարարությունը՝ պարզելով, որ համայնքի ղեկավարներից շատերն աշխատում են բնակչության ընդամեն 25-30 տոկոսի հետ, ինչը ևս, ըստ մարզի ղեկավարի, անընդունելի է:
-Համայնքի ղեկավարը պետք է աշխատի բոլոր հարկատուների հետ և մուտքեր ապահովի ամբողջ տարվա ընթացքում,- ասաց Ա. Նալբանդյանը՝ նշելով, որ լինում է նաև այնպես, երբ համայնքը տվյալ ամսվա ընթացքում հողի հարկի գծով ընդհանրապես մուտք չի ապահովում: Մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին հանձնարարեց հողի հարկի վերաբերյալ հարկատուներին տեղյակ պահել ծանուցագրերի միջոցով՝ նշելով, որ գործընթացը լինելու է անմիջապես իր հսկողության ներքո:
Անդրադարձ կատարվեց նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքներին: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ պետության աջակցությունը՝ մատչելի գներով պարարտանյութ, դիզվառելիք և սերմացու տրամադրելու տեսքով, շարունակական է: Այս տարվա համար պահանջարկի հայտերն արդեն ուղարկված են: Ա. Նալբանդյանը ներկայացրեց կառավարության հստակ պահանջը՝ հայտերին համապատասխան համայնքներին տրված դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի պահանջարկը պետք է իրացվի ամբողջությամբ:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև համայնքներում վարչական հսկողության իրականացման գործընթացին, տեղեկատվական համակարգերի գործարկման, բազաների ճշգրտման անհրաժեշտությանը և այլ օրախնդիր հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24