Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա գտնվեց Ստեփանավանի և Տաշիրի բժշկական կենտրոնների հաշվետվություններին

23.01.2015

Այսուհետ մարզի ղեկավարի պահանջով տարեկան ամփոփիչ հաշվետվություններով հանդես կգան նաև մարզային ենթակայության բուժհիմնարկների ղեկավարները՝ ներկայացնելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անելիքներն ու խնդիրները, բուժհիմնարկների զարգացմանն ուղղված ծրագրերը:
Հունվարի 22-ի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը ներկա գտնվեցին Ստեփանավանի և Տաշիրի բժշկական կենտրոնների տարեկան հաշվետվությունների ներկայացմանը, որոնց մասնակցում էին նաև բուժհիմնարկների անձնակազմերը, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ստեփանավանի բժշկական կենտրոնի համար, ըստ տնօրեն Ռոբերտ Կոծինյանի, տարին արգասաբեր է եղել, քանի որ 2014թ. բժշկական կենտրոնում մշտական հիմունքներով աշխատանքի են ընդունվել վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, իսկ պայմանագրային հիմունքներով` պլաստիկ վիրաբույժ, էխոկարդիոգրաֆիստ, մաշկավեներաբան՝ որոշ չափով լրացնելով կադրային բացը, որն առկա է բուժհաստատությունում: Թեև 2014թ. առաջին կիսամյակում 2013թ.-ի համեմեմատությամբ աճել էր նաև վճարովի ծառայությունների թիվը, սակայն երկրորդ կիսամյակում, ըստ տնօրենի, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով վճարովի ծառայությունների որոշակի անկում է արձանագրվել: Բժշկական կենտրոնի համար կարևոր է եղել նաև «Լոռու առողջապահական հիմնադրամի» աջակցությամբ սպիրոմետրի և բիոքիմիական անալիզատորի ձեռք բերումը: ՌԴ Ռոսպոտրեբնադզորի կողմից բժշկական կենտրոնին տրամադրվել են նաև իմունոֆերմենտատիվ անալիզների համար նախատեսված լաբորատոր կաբինետի սարքավորումներ, որոնք, սակայն, դեռևս չեն շահագործվում: Ուրախալին այն է, որ 2013թ. համեմատությամբ մանկաբարձական բաժանմունքում գրանցվել է ծննդաբերությունների թվի աճ՝ 10,1 %-ով:
Տնօրենն ի թիվս կատարված աշխատանքների և ձեռքբերումների, խոսեց նաև խնդիրներից: Նա նշեց, որ նեղ մասնագետների լուրջ կարիք է զգացվում, եղած բժիշկներն էլ աշխատում են գերծանրաբեռնված: Ռ. Կոծինյանը առաջնային համարեց հատկապես համաբուժարանային մասնաշենքի վերանորոգումը: Մարզի ղեկավարը խոստացավ հրատապ ծրագրերի առկայության դեպքում այս տարի լուծում տալ խնդրին:
Տաշիրի բժշկական կենտրոնի համար ևս, ինչպես հաշվետվության ներկայացման ընթացքում նշեց տնօրեն Վալիկո Չալաբյանը, առաջնային է բուժհիմնարկի համալրումը մասնագետ-կադրերով: Բուժհաստատությունը մի շարք նեղ մասնագետների խիստ կարիք ունի, եղած մասնագետներն էլ աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով: Ըստ նրա, առաջնային է բժշկական կենտրոնի պայմանների բարելավման խնդիրը: Տնօրենի հավաստմամբ, սրանք, ինչպես նաև մի շարք այլ լուրջ գործոններ են տարեցտարի վճարովի ծառայությունների նվազման պատճառ դառնում:
Ա. Նալբանդյանն, ամփոփելով ներկայացված հաշվետվությունները, անթույլատրելի համարեց հատկապես վճարովի ծառայությունների նվազեցումը, որի արդյունքում բուժհաստատությունների սպասարկման ողջ ֆինանսական բեռն ընկնում է պետության վրա: Մարզպետն առաջարկեց ծրագրեր մշակել, երիտասարդ բժիշկներին շահագրգռել, նրանց համար հարմարավետ աշխատանքային պայմաններ ստեղծել, որպեսզի ցանկություն ունենան աշխատելու տարածաշրջաններում: Այս ուղղությամբ, ի դեպ, լուրջ աշխատանքներ է իրականացնում նաև մարզպետարանը: Մարզպետը նշեց, որ նախորդ տարի Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ կնքված պայմանագրի համաձայն կենտրոնի լավագույն մասնագետները պատրաստակամություն են հայտնել անհարժեշտության դեպքում գալ և տեղերում վիրահատություններ կատարել, ինչը ևս կնպաստի վճարովի ծառայությունների թվի ավելացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24