Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կբարեփոխվի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի համակարգը

15.01.2015

Խորհրդային տարիներին կառուցված բարձրավոլտ էլեկտրահաղորդման համակարգը տասնամյակներ ի վեր անխափան ապահովել է հանրապետության էներգապահանջարկը, էներգիա մատակարարել ժողովրդական տնտեսության բոլոր ոլորտներին, քաղաքներին ու գյուղերին: Այսօր, սակայն, ֆիզիկապես մաշված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի համակարգը արմատական վերափոխման կարիք են զգում:
Հաշվի առնելով համակարգային վերակառուցման անհրաժեշտությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Համաշխարհային Բանկի օժանդակությամբ ձեռնարկել է «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագիրը, որով նախատեսվում է այլևայլ օբյեկտների թվում, վերակառուցել նաև 220 կՎ «Լոռի» և 110 կՎ «Թումանյան-1,2» օդային էլեկտրահաղորդման գծերը:
Համակարգի բարեփոխման մասնագիտական հետազոտությունը հանձնարարվել էր գերմանական «Ֆիխտներ» ընկերությանը, որն էլ կազմել է բավականին մանրամասն ու հիմնավորված 2 հաշվետվություն: Քանի որ ծրագիրը ազդեցության տարածքում ենթադրում է նաև բնապահպանական և սոցիալ-տնտեսական որոշակի ռիսկերի առաջացում, խնդրի հրապարակայնության, շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները գնահատելու համար հաշվետվությունների կրկնօրինակները տրամադրվել են Լոռու մարզի երկու տասնյակից ավելի այն համայնքների ղեկավարներին, որտեղով անցնելու են էլեկտրահեռահաղորդակցության գծերը:
Հունվարի 14-ին «ԲԷՑ» (բարձրավոլտ էլեկտրացանցեր) ՓԲԸ նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանի դահլիճում կազմակերպվել էր համակարգի վերակառուցման հաշվետվությունների հեղինակների հանդիպումը Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի, շահագրգիռ համայնքների ղեկավարների, մարզպետարանի համապատասխան վարչության մասնագետների, բնապահպանական և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Ֆիխտներ» ընկերության ներկայացուցիչ Ստեֆան Շուլերը, սկզբից ևեթ փարատեց այն մտավախությունը, թե բարձրավոլտ հոսանքագծերի նոր համակարգը կարող է բնապահպանական և առողջապահական լուրջ խնդիրներ առաջացնել քաղաքներում և գյուղերում, նշելով, որ նոր հոսանքագծերը տեղադրվելու են նախկին հենարանների վրա և տեխնիկապես որևէ վտանգ չեն պարունակելու:
Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման (ՇՄՍԱԳ) շրջանակներում «Ֆիխտները» իրականացրել է Վանաձոր ենթակայանից մինչև Ալավերդի-2 ենթակայան ձգվող Լոռի 220 կվ միաշղթա էլեկտրահաղորդման գծի (մոտավորապես 50կմ) եւ Ալավերդի-2 ենթակայանից մինչև Ալավերդի-1 ենթակայան ձգվող գոյություն ունեցող երկու 100 կվ Թումանյան-1 և Թումանյան-2 միաշղթա էլեկտրահաղորդման գծերի (մոտավորապես 3 կմ) փոխարինման շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների ուսումնասիրությունը:
Որպես համակարգի ներդրման հնարավոր հետևանքներ՝ Ս. Շուլերը նշեց անտառհատվածներում որոշակի քանակությամբ ծառերի հատման անհրաժեշտությունը, որը կփոխհատուցվի կրկնակի անգամ ավելի ծառատունկով:
Ծրագիրը, առանձնակի անհրաժեշտության դեպքում, ենթադրում է նաև առանձին տնատերերի վերաբնակեցում՝ քաղաքացիներին լիարժեք փոխհատուցման պայմանով: Եվ ընդհանրապես, գործողությունների գոտում գտնվող բնակիչների ու տնտեսվարողների սեփականության ցանկացած իրացում կփոխհատուցվի լիովին:
Բանախոսը դիմելով ներկաներին, հատկապես համայնքների ղեկավարներին, ասաց, որ ծրագիրը նախնական փուլում է և վերջնական տեսքի կբերվի նրանց կողմից ներկայացված առաջարկությունները քննարկելուց հետո:
Եղան հարցադրումներ, որոնց բանախոսը տվեց սպառիչ պատասխան: Հանդիպման վերջում փոխմարզպետ Ա. Դարբինյանը համայնքների ղեկավարներին ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին մեկ անգամ ևս հորդորեց լինել հետևողական, խնդրին վերաբերվել պատասխանատվությամբ և հարցեր առաջանալու դեպքում դրանք ժամանակին ներկայացնել ծրագրի հեղինակներին:
Հունվարի 15-ին նույնաբովանդակ հանրային լսում անցկացվեց նաև Ալավերդի քաղաքում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59