Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի տարեվերջյան մամլո ասուլիսը

26.12.2014

Դեկտեմբերի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց տարեվերջյան մամլո ասուլիս, որին մասնակցեցին, ինչպես տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այնպես էլ հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները:
Լոռու մարզպետի հանձնարարությամբ այս տարի առաջին անգամ լայն լսարանի առջև տարեվերջյան հաշվետվություններով հանդես եկան մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները՝ ներակայացնելով ոլորտային աշխատանքները, առկա խնդիրները և հաջորդ տարվա ծրագրային անելիքները, ուստի մարզի ղեկավարը տարվա ընթացքում կատարված աշխատանքները ներկայացրեց ամփոփ կերպով, ապա պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
-2014թ.-ը մեզ համար սոցիալական մարտահրավերների տարի էր և մեր բոլորի քայլերն ուղղված էին այդ մարտահրավերները մեղմելու կարևոր գործին: Սոցիալական լարվածությունը մարզում շատ է, սակայն մեր կողմից ձեռնարկված քայլերը այդ լարվածությունը մեղմելու համար ևս քիչ չեն: Տարին հնարավոր կլինի ամփոփել հաջորդ տարեսկզբին և ես, ընդունված կարգի համաձայն, հանդես կգամ տարեկան ամփոփ հաշվետվությամբ,- ասաց նա:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզի ղեկավարը նշեց, որ պետական աջակցությամբ զգալի ծրագրեր են իրականացվում, ինչի արդյունքում գյուղատնեսությունը դարձել է որոշ առումով նաև եկամտաբեր բիզնես: Պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ ավելի քան 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, ավելացել է գրեթե բոլոր մշակաբույսերի բերքատվությունը, անասնագլխաքանակը, անկում է գրանցվել միայն խոզաբուծության բնագավառում՝ աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով: Ավելացել է նաև խոշոր եղջերավոր անասունների կաթնարտադրությունը: Ոչխարաբուծության զարգացման առումով Ա. Նալբանդյանը որպես հեռանկարային, կարևորեց Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցության արդյունքում Լուսաղբյուր համայնքում ոչխարաբուծական ֆերմայի հիմնումը:
Քաղաքաշինության ոլորտում ևս, ըստ մարզի ղեկավարի, զգալի ծրագրեր են իրականացվել, ինչպես պետական միջոցներով, այնպես էլ բարեգործական ընկերությունների, միջազգային ծրագրերի աջակցությամբ: Այս տարի մի շարք դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ոչ միայն պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանականերում, այլև դպրոցների տնտեսած միջոցներով: Այս և նմանատիպ այլ ծրագրեր իրականացվելու են նաև հաջորդ տարի:
Արդյունաբերության ոլորտում ունեցած մեծագույն հաջողությունը Ա. Նալբանդյանը համարեց «Թեղուտ» ՓԲԸ գործունեության մեկնարկը: Վերջինս հանքարդյունաբերություն իրականացնող ձեռնարկություն է: Ներկա դրությամբ այստեղ աշխատում է 1250 քաղաքացի: Այստեղ կատարվել է ավելի քան 365 մլն դոլարի ներդրում: Միջազգային և տեղական փորձագետների վկայությամբ՝ հանքի շահագործումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Ենթադրվում է, որ ձեռնարկության գործարկումն այդ տարածաշրջանում կզարգացնի բոլոր ենթակառուցվածքները: Նա առանձնացրեց նաև Սպիտակի թռչնաֆաբրիկայի գործարկումը, այստեղ կաշխատի 200-220 մարդ, Սպիտակի տրիկոտաժի ֆաբրիկայի գործարկումը՝մինչև 100 աշխատատեղով, Տաշիրի տարածաշրջանում պանրարտադրության զարգացումը և այլն: Ինչ վերաբերում է Վանաձորի քիմգործարանին, Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ իր խնդրանքով և ՀՀ Նախագահի հանձնարարականով դեկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր աշխատակիցների աշխատավարձերի պարտքերն ամբողջությամբ մարվել են:
Խոսելով կրթության ոլորտի մասին՝ մարզի ղեկավարը կարևորեց որակյալ կրթության ապահովումը և նշեց, որ այս ոլորտում մարզպետարանի կողմից իրականացվող բոլոր քայլերն ուղղված են այդ խնդրի լուծմանը:
Մարզպետը պատասխանեց նաև լրագրողների հարցերին.
«Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերություն
-Կառավարությունը մարզերի համաչափ զարգացման կուրս է վերցրել, ի՞նչ պետական ծրագրեր են իրականացվելու 2015թ.-ին:
-Վստահ եմ, որ ՀՀ կառավարության կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագրերի միջոցով լուծում կստանան բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են բոլոր բնագավառներին: Ընդ որում ծրագրերն ինքնանպատակ չեն իրականացվում, դրանք համադրվում են համայնքների զարգացման քառամյա զարգացման ծրագերին: Մեր խնդիրը համայնքներում կյանքն առավել բարեկեցիկ դարձնելն է: Այս առումով ուզում եմ առանձնացել մարզում իրականացվող հրատապ ծրագրերը, որոնց շրջանակներում մի շարք կարևոր աշխատանքներ են իրականացվել մարզի համայնքներում: Ծրագիրը շարունակական կլինի նաև 2015թ.-ին: Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերից ուզում եմ առանձնացնել նաև Առողջապահության ԾԻԳ-ի, Կրթութայն ԾԻԳ-ի, Մշակույթի նախարարության պատվիրատվությամբ իրականացվող, ինչպես նաև մի շարք այլ կարևոր ծրագրեր:
Ինչպես գիտեք, սկսված է Վանաձորի բժշկական կենտրոնի շինարարությունը, որն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի կառուցումն ամբողջությամբ կատարվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, ինչը լուրջ օգնություն է մարզի համար: Համոզված եմ, որ 2016թ.-ին Վանաձորը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն:
Հանրային Հեռուստաընկերություն
-2015թ.-ից ինչ սպասելիքներ ունեք: Որը կլինի տարվա գլխավոր ձեռքբերումը:
-2015-ի գլխավոր ձեռքբերումը կհամարեմ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման, ինչպես նաև Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածի վերանորոգման մեկնարկը, ինչը շատ կարևոր է մեզ համար:
«Ասպարեզ» օրաթերթ
-Ինչպե՞ս է լուծվում մարզի անօթևանների խնդիրը:
-Ստեփանավանում երկարաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրն ամբողջությամբ լուծված է: Ինչ վերաբերում է «Աշոտաբերդ» թաղամասին, ապա այդ խնդիրը դիտարկվում է այլ հարթության վրա, քանի որ այստեղ բնակվողները երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ չեն: Խնդիրն ուշադրութայն կենտրոնում է: Սպիտակում ներկա դրութամբ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրի» շահառու է հանդիսանում մեկ սենյականոցի հավակնորդ 49 ընտանիք, ներկայում ճշտվում է, թե նրանք, բնակարանի ձեռքբերման ինչ տարբերակ են նախընտրում՝ բնակարանների գնման վկայագրեր, գումարային փոխահատուցում և այլն: Վանաձորում ծրագրի շահառու է հանդիսանում 14 ընտանիք: Նրանք նախընտրում են ԲԳՎ-ների և գումարային փոխհատուցման տարբերակը: Հուսով եմ, նրանց խնդիրը հնրարավոր կլինի լուծել հաջորդ տարի: Խնդիր կա գյուղական համայնքներում: Մեզ չեն գոհացնում շինարարության տեմպերը: Այս պահի դրությամբ 255 տներից շահագործաման են հանձնվել 67-ը, մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն ևս 15-18-ը: «Գլենդել Հիլզ» ընկերությունը խոստացել է 2015թ.-ին մեծ թափով վերսկսել շինաշխատանքները և ծրագիրն ավարտին հասցնել: Հուսով եմ, խոստումն իրականություն կդառնա:
«ՄԻԳ» հեռուստառադիոընկերություն
-Ո՞րն է Լոռու մարզում այսօր ամենահրատապ խնդիրը:
-Չկա որևէ բնագավառ, որտեղ խնդիրներ չունենանք, սակայն մեզ այսօր առավել շատ անհանգստացնում է բնակչության սոցիալական վիճակը: Այս առումով պետք է փորձենք էական քայլեր ձեռնարկել աշխատատեղերի ստեղծման համար: Վարչապետի հստակ հանձնարարականն է եղել խրախուսել ու աջակցել բոլոր այն գործարարարներին, ովքեր պատրաստ կլինեն ներդրումներ կատարել, աշխատատեղեր ստեղծել: ԵՏՄ անդամակցությունը ևս մեզ հնարավորություն է տալիս նոր շուկաներ գրավելու:
Համոզված եմ, որ 2015-2016թ.թ. տնտեսության ոլորտում զարգացում կունենանք:
-Հանքարդյունաբերությունն արդյոք չի՞ խոչընդոտի տուրիզմի զարգացմանը մարզում:
-Լոռու մարզի տնտեսության զարգացման համար, ինչպես արդեն նշեցի, կարևոր եմ համարում արդյունաբերության զարգացումը, գյուղատնտսությունը և որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ՝ տուրիզմը: Վերջինիս ուղղությամբ ևս լուրջ ծրագրեր ենք իրականացնում Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռ՛հոն Ալպ ռեգիոնների հետ: ՊԱԿԱ-ի աջակցությամբ Ալավերդում ստեղծվել է «Թումանյան աշխարհ» տուրիստական կենտրոնը: Ինչ վերաբերում է հարցին, ապա պետք է վստահեցնեմ, որ հանքարդյունաբերությունը բնավ չի խոչընդոտի տուրիզմի զարգացմանը: Ասեմ ավելին, նախատեսում ենք նաև Ախթալա և Ալավերդի տուրիստական խմբեր ուղղորդել տեղի հանքարդյունաբերության պատմությանը ծանոթանալու նպատակով: Իսկ առհասարակ, Լոռու մարզում կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները տուրիզմը զարգացնելու համար: Առաջիկայում լուրջ հաջողություններ ենք արձանագրելու այս ոլորտում:
«Ասպարեզ» օրաթերթ՝ Գայանե Սարգսյան
-ԵՏՄ անդամակցությունը ի՞նչ կտա մեզ
-Մեր տնտեսությունը զգալիորն փոխկապակցված է ՌԴ տնտեսությանը, ուստի անդամակցությունն այս կառույցին, կարծում եմ, առաջընթաց կարձանագրի մեր երկրի համար:
«Լիարժեք կյանք» պարբերաթերթ
-Հաշմանդամներին շենք-շինությունների մատչելության խնդիրն ինչպե՞ս է լուծվում մարզում:
-Շինությունների մեծ մասը մարզում կառուցվել են խորհրդային տարիներին և հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչ վերաբերում է նորակառույցներին, ապա պարտադիր պայման է թեքահարթակների կառուցումը: Անելիքներն այս առումով ևս շատ են:

Lorinews.com կայք
-Առողջապահության ոլորտում մասնագետ-կադրերի պակաս կա, նաև չեն բավարարում շտապօգնության մեքենաները, հատկապես Ստեփանավանի տարածաշրջանում:
-Մասնագետների պակասը փորձում ենք լրացնել. պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում Երևանի բժշկական համալսարանի Լոռու մարզի ուսանողների հետ: Մարզի մի քանի բուժհաստատություններում նաև մի քանի նոր մասնագետներ ունենք: Հուսով եմ, նրանց թիվը առաջիկայում կավելանա: Ստեփանավանը դեկտեմբերի 30-ին երկրորդ շտապօգնության մեքենան կստանա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24