Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նորարարական ու ստեղծագործական կրթասրահներ` Լոռու մարզի երեխաներին
18.12.2014
ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Լոռու մարզպետարանի համագործակցության շնորհիվ իրականացել է Լոռու մարզի Թումանյան և Դսեղ համայնքների երեխաների երկար սպասված երազանքը. համայնքներիի դպրոցներում բացվել են ստեղծագործական կրթասրահներ, որից կօգտվեն ինչպես դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, այնպես էլ հարևան գյուղերի պատանիները:
Ստեղծագործարանները կրթության արդի պահանջներին համապատասխանող դասասենյակներ են` հագեցված էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով, ինչպես նաև հատուկ շարժական կահույքով: Դրանք աշակերտներին հնարավորություն են տալիս կատարել, ինչպես անհատական, այնպես էլ՝ զույգերով կամ խմբային աշխատանք:
Ստեղծագործականությունը խթանող նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվում՝ համակարգչի և տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում և դասի մատուցում, ընթերցանություն և խաղ, ինտելեկտուալ գործունեության կազմակերպում։ Այս ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել գյուղական համայնքների հավասարաչափ զարգացմանն ու դպրոցները համալրել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներով:
Ստեղծագործարանների բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր:
Կրթության ոլորտում իրականացվող այս կարևոր նախաձեռնությունը ողջունեց մարզի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համատեղ աշխատանքի համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերելու այն բոլոր ծրագրերին, որոնք առնչվում են երեխաների կրթությանը:
Երեխաները գեղարվեստական կատարումներով ողջունեցին հյուրերին: